Friday, April 23, 2010

Հրեան կարող է ասել, որ գերմանացին փոխվել է, իսկ հայը թուրքի մասին չի կարող նույն բանն ասել

Panorama.am. 23-4-2010- Մեր հոգեկերտվածքում չէր կարող անհետևանք մնալ նման մեծամասշտաբ ազգային աղետը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ցեղասպանություն տեսած Հայաստանի զոհի բարդույթից ազատվելու մասին, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը: «Մինչ այժմ մեր հոգեկերտվածքում, ցավոք սրտի, արմատավորված է հոգեբանական տրավման, սա անցյալի հիշողությունն է, որը զուգակցվում է ծանր հույզերով»,-բացատրեց մասնագետը: Նրա խոսքով, տրավման հաղթահարելու խնդր կա, իսկ դրա համար հոգեբանները խորհուրդ են տալիս ապրումակցում այլ երկրների ու հանրությունների կողմից և հաղթանակներ ու ձեռքբերումներ: Դ. Ջամալյանի խոսքով, ապրումակցման առումով դեռևս խնդիր կա, ու հենց աշխարհին փորձում ենք ապացուցել, որ տեղի է ունեցել աղետ, այդ տրավման կրկին արթնանում է: «Մեր վերքը դեռևս բաց է, կփակվի այն ժամանակ, երբ մենք կարիք չունենանք, որևէ մեկին ապացուցել, որ տեղի է ունեցել զարհուրելի աղետ»,-ասաց բանախոսը: Արդյոք պատրաստ է Հայաստանը Թուրքիային որպես հարևան տեսնել: «Պետք է ասենք, որ լիարժեք, պատրաստակամորեն հարաբերվելու իրատեսական ընկալումը մենք չունենք»,-ասաց հոգեբանը, նշելով, որ մեր արդարության պահանջը դեռ բավարարված չէ: Ըստ նրա, այսօր գերմանացիներն ու հրեաները միմյանց հետ ազատ հարաբերվում են, քանի որ գերմանացիներին պարտադրվել է մեղքի գիտակցումը, ինչը չի եղել թուրքերի պարագայում: «Այժմ հրեան կարող է ասել, որ գերմանացին փոխվել է»,-ասաց նա:

No comments: