Friday, April 23, 2010

Օբամայի ծանր ընտրությունը

Panorama.am-ը ներկայացնում է «Ժողովրդավարության և համագործակցության» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանի հոդվածը The Huffington Post-ում: «Ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահը ուղերձ է հղում Ամերիկայի ժողովրդին և աշխարհին` միանալ բոլոր նրանց, ովքեր իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915թ-ի ցեղասպանության զոհերին, երբ 1,5 մլն հայ բնաջնջվեց Օսմանյան կայսրությունում: ԱՄՆ-ի նախագահի յուրաքանչյուր թեկնածու Ամերիկայի հայ համայնքին խոստանում է, որ նախագահ ընտրվելով` կճանաչի ցեղասպանության իրողությունը, բայց ո´չ նախագահ Քլինթոնը, ո´չ Բուշը և ո´չ էլ նախագահ Օբաման դեռ չեն կատարել իրենց նախընտրական խոստումները: Վերջին նախագահը, որ իր խոսքի տերը եղավ, նախագահ Ռեյգանն էր, որն առանց որևէ երկիմաստության 1981թ-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի ապրիլին Անկարա այցելության ժամանակ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին` նախագահ Օբաման չօգտագործեց ցեղասպանություն բառը, սակայն ասաց, որ նախընտրական արշավից առ այսօր իր հայացքներն այս խնդրի վերաբերյալ չեն փոխվել: Ապա նա ասաց. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որ ճշմարիտ կխոսի Հայոց ցեղասպանության մասին» և ավելին: 2009թ-ի ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմը խնդրեց ՀՀ նախագահին ցեղասպանության հիշատակման ամսաթվի նախօրեին հրապարակավ հանդես գալ հայտարարությամբ, որ Թուրքիայի հետ բանակցություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել և նախաձեռնվել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող երկու արձանագրությունները: Չնայած սփյուռքահայության մի մասի լուրջ քննադատության`Հայաստանի ղեկավարությունը համաձայնեց անել դա: Հատկապես բացասական էր ամերիկահայության արձագանքը. վերջիններս կարծում էին, որ այս նախաձեռնությունն Օբամայի կողմից պարզապես սեփական դեմքը փրկելու փորձ է, որպեսզի ապրիլի 24-ին նա հանգիստ խղճով չարտասանի ցեղասպանություն բառը` պատճառաբանելով, որ չի ուզում խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Փոխարենը նա կիրառեց ցեղասպանության հայկական անվանումը հայերեն լեզվով: Ցեղասպանության հիշատակման նախօրյակին այս նորությունը հայտնելուց հետո Հայաստանի ղեկավարությունը Միացյալ Նահանգների Պետ. դեպարտամենտից հավաստիացումներ ստացավ առ այն, որ կողմերը պետք է ստորագրեն արձանագրություններն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում: Ելնելով այս բարի նպատակներից` Վաշինգթոնը երկար ժամանակով դարձավ արձանագրությունների ստորագրման և վավերացման գործընթացի իրականացման երաշխավորը: Այս ամենին հետևեց Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից արձանագրությունների ստորագրումը Հիլլարի Քլինթոնի ակտիվ միջնորդությամբ: Այնուամենայնիվ, թուրքական կողմը վավերացման համար նոր պայմաններ առաջ քաշեց և փորձեց խոչընդոտել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն ու քննադատությունը ինչպես ԱՄՆ-ի Կոնգրեսում, այնպես էլ` մի շարք այլ երկրներում: Թուրքիայի կողմից ստեղծված նման պայմանները այլ ընտրություն չթողեցին հայկական կողմին, քան կասեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը. գործընթացի տապալման համար ողջ պատասխանատվությունը Թուրքիայի ուսերին է: Հայաստանն այդպես էլ արեց: Եվ հիմա Թուրքիան ստիպված է այս կապակցությամբ բացատրվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության և Ռուսաստանի հետ, որոնք աջակցում էին գործընթացին սկսած այն ժամանակվանից, երբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի արտգործնախարարների և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրությունները: Բանակցային գործընթացին աջակցելու նպատակով Հայաստանի նախագահը հրավեր ստացավ` մասնակցելու ապրիլի 12-13 Վաշինգթոնում կայացած Գլոբալ միժուկային անվտանգության գագաթաժողովին, որի ընթացքում նա հանիպումներ ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի, նախագահ Օբամայի և պետ. քարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ: Թուրքական կողմը արձանագրությունների վավերացումն ուղղակի կախվածության մեջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից. սա պայմանավորված է Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններով: Թուրքական կողմի նման պահվածքը լիովին հակասում է արձանագրությունների բովանդակությանն ու ԱՄՆ-ի Պետ. դեպարտամենտի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կայանա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում: Վաշինգթոնը չկարողացավ համոզել Անկարային կատարել արձանագրությունների վավերացման իր պարտավորությունները: Հավանական չէ, որ այս տարի կհաջողվի Հայաստանին պահել բանակցային գործընթացում, և դժվար այս անգամ նախագահ Օբաման կարողանա «փրկել իր դեմքը»` ապրիլի 24-ի իր ուղերձում չարտասանելով ցեղասպանություն բառը: Եթե ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահ Օբաման արտասանի ցեղասպանություն բառը, ապա Հայաստանը կարող է մնալ բանակցային գործընթացում նույնիսկ առանց Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման: Այս պարագայում ո´չ սփյուռքահայությունը և ո´չ էլ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանա մեղադրել ՀՀ նախագահին բանակցային գործընթացում մնալու համար. նույնիսկ եթե թուրքական դիվանագիտությունը շարունակի խոչընդոտել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպնության ճանաչման գործընթացը: Հայկական կողմը կարող է մնալ բանակցային գործընթացում, եթե հավաստիացումներ ստանա, որ այս տարի Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչպես դա արդեն արեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Այն կարող է մնալ գործընթացում, եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ճշգրտումներ մտցվեն ԼՂ կարգավիճակի վերաբերյալ: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում շոշափելի առաջընթացի բացակայության դեպքում Հայաստանի ղեկավարությանը շատ դժվար կլինի մնալ գործընթացում` առանց ինքն իրեն քաղաքական վնաս հասցնելու: Իմ կարծիքով, Հայաստանի` գործընթացից դուրս գալու արդյունքում միակ տուժողը լինելու է Թուրքիան, քանի որ թուրքական կողմը ողջ աշխարհի ցույց տվեց, որ ինքը պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից: Բացի այդ` սա նշանակում է, որ Թուրքիան պատրաստ չէ նույնիսկ հարաբերությունների կարգավորմանը, այսինքն` Թուրքիան վտանգավոր հարևան է Հայաստանի համար և անհուսալի գործընկեր բոլոր այն երկրների համար, ովքեր մասնակցում էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախագծին: Այս ամենը լուրջ հարված հասցրեց ոչ միայն Օբամայի, այլև` Միացյալ Նահանգների հեղինակությանը, քանի որ Վաշինգթոնը ողջ աշխարհին հավաստիացրել էր, որ ինքը բավականաչափ լծակներ ունի` ստիպելու Թուրքիային ստորագրել և ապա վավերացնել արձանագրությունները: Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահը պետք է մեկ այլ ուղերձով հանդես գա Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի վերաբերյալ: Նա լավ կանի, եթե չստիպի Ամերիկայի հայությանը և հայ ժողովրդին երես թեքել անձամբ իրենից և իր կուսակցությունից Կոնգրեսում կայանալիք ընտրությունների նախաշեմին, նա պետք է հաշվի առնի հայկական լոբբիի և ՄԻացյալ Նահանգների հայազգի ընտրազանգվածի կարողությունները: Այսպիսով` ԱՄՆ-ի նախագահը դժվարի ընտրության առաջ է կանգնած: Եթե նա ճանաչի ցեղասպանությունը, ապա կխուսափի իր հնարավորություններին մարտահրավեր նետելուց և կվաստակի Ամերիկայի հայ համայնքի օժանդակությունը, նա նաև իր բարոյական պարտքը կկատարի, ինչպես դա արեց նախագահ Ռեյգանը, և որն արդեն արվել է այլ պետությունների կողմից` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և այլն: Միևնույն ժամանակ այդ քայլը լարում կմցնի Թուրքիայի հետ հարաբերություններում, որը ՆԱՏՈ-ի անդամ է և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է: Այնուամենայնիվ, ներկայիս քաղաքական գործիչները պետք է տեսնեն, որ Թուրքիան աշխարհիկ պետության իր կարգավիճակից փոխակերպվում է իսլամական պետության: Ավելին, նա մեծ հավակնություններ ունի` ստանձնելու նոր Օսմանյան աշխարհի և իսլամական աշխարհի առաջնորդի դերը: Երկրի ներսում բանակն ու իր երկու ղեկավարները կորցնում են իրենց քաղաքական ազդեցությունը, սակայն նրանք Թուրքիայի աշխարհիկ պետություն մնալու միակ երաշխավորն են: Իր արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը հաճախ է բանավոր մեղադրանքներ հնչեցնում Իսրայելի հասցեին և պաշտպանում Իրանը ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցներից: Եթե այդպես շարունակվի, ապա STRATFOR-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանի կանխատեսումները, որոնք նա արել է «Հաջորդ 100 տարին» գրքում, այնքան էլ անհավանական չեն լինի: Իսկ այդ կանխատեսումն ասում է, որ այս հարյուրամյակի կեսերին նոր Օսմանյան Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լայնածավալ պատերազմ է սկսվելու: Այս բոլոր զարգացումների կիզակետում ԱՄՆ-ի նախագահը կանգնած է իսկապես դժվարին ընտրության առաջ»:

No comments: