Wednesday, April 7, 2010

ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ

«ԱԶԳ», 07-04-2010 - Ստորեւ թարգմանաբար հրատարակվող երկու հոդվածները խմբագրությունը ստացել է Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանից: Առաջինը Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հարցազրույցն է, երկրորդըՙ նույն Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն (Գրեգ) Սարգսյանի պատասխանը Դավութօղլուի որոշ ձեւակերպումներին: Ինստիտուտից ստացված հաղորդագրությունը ընթերցողի ուշադրությանն է հանձնում, որ Սարգսյանի հոդվածը «արտահայտում է իր անձնական կարծիքը եւ ոչ թե ինստիտուտի տեսակետը»: Դավութօղլուի խոսքերըՙ մարտի 26-ին «Միլլիեթում» տպագրված Ֆ. Բիլայի հարցազրույցում «Մենք միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները: Մենք միաժամանակ ցանկանում ենք հարաբերություններ հաստատել սփյուռքահայության հետ: Այս տեսակետից, սխալ է հայերին դիտարկել որպես մեկ դասի կամ կատեգորիայի խմբավորում: Մենք պետք է սա հասկանանք: Լինելու են հայկական համայնքներ, որոնց հետ կարողանալու ենք երկխոսություն սկսել: Ես անձամբ ականատես եղա մի քանի ականավոր անձնավորությունների, ովքեր Հրանտ Դինքի թաղման արարողությանը 2007-ին նշեցին, թե որքան զգացված էին տեսնելով, թե ինչպես են թուրքերը Հրանտ Դինքին ողջագուրում: Անհրաժեշտ է փոխել մտավոր պատկերները մեր եւ մեր ժողովրդի գլուխներում»: «Ես մի ելույթ էի պատրաստել արձանագրությունների ստորագրման օրվա առթիվ: Ես կարդալու էի, եթե պարոն Նալբանդյանը համաձայներ: Այդ ելույթը հիմնված էր մեկՙ «արդար հիշողություն» հասկացության վրա: Սա կարեւոր հասկացություն է, որը նշանակում է պատմությանը չնայել միակողմանիորեն: Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք պատկերացնել մեզ հայերի փոխարենՙ հասկանալու համար, թե ինչի միջով են նրանք անցել եւ ինչ են զգացել, բայց անհրաժեշտ է, որ նրանք էլ մեր հիշատակը հարգեն: Նրանք չպետք է միակողմանի հիշողություն ստեղծեն ակնկալելով հարգանք միայն իրենց հիշողության հանդեպ: 1915-ը միգուցե տարագրության (թենջիր) տարի եղած լինի, բայց միաժամանակ դա նաեւ Չանաքկալեի (Գալլիպոլիի ճակատամարտի) տարին էր: Ես հատուկ շեշտում եմ Չանաքկալեն, որովհետեւ նրանք (այդ զինվորները - խմբ.) պաշտպանում էին ոչ միայն Չանաքկալեն, այլեւ Ստամբուլը: Մենք խոսում ենք մի երկրի մասին, որը պայքարում էր իր գոյության համար: Այդ ճակատում միայն թուրքերը չէին, որ կռվում էին: Այնտեղ կային Բալկաններից կամ Իրաքի տարբեր շրջաններից եկած մարդիկ: Այնտեղ կային նաեւ նույնիսկ մեր քրիստոնյա քաղաքացիները եւ հայերը»: «Այս հարցը հոգեբանական, իրավական, քաղաքական եւ պատմական եզրեր ունի: Եթե թուրքերն ու հայերը իսկապես խաղաղության մի ժամանակաշրջան են սկսելու, ապա նրանք պետք է հաղթահարեն խոչընդոտները: Տասը դարերի միասնականություն գոյություն ունի, որ հետ է գնում մինչեւ Մանազկերտի կռիվները: Հարաբերությունները շատ խաղաղ էին մինչեւ քառորդ դար առաջ: Իրավական եւ քաղաքական միջոցները կարելի է կիրառել, բայց ամենակարեւորը հոգեբանական խոչընդոտը հաղթահարելն է»: «Եթե մտավորականներն ու քաղաքագետները կատարեն իրենց ուսերին ընկած պարտականությունները, մի նոր եւ, հնարավոր է, առավել կայուն խաղաղության մի ժամանակաշրջան կկարողանանք ունենալ: Բայց եթե դա տեղի չի ունենում, եթե մենք գերի ենք մնում նրանց ձեռքերում, ովքեր ներկայի «ստատուս քվոյով» են առաջնորդվում, կամ նրանց, ովքեր օգտվում են Սփյուռքի որոշակի հատվածներից, ապա, իհարկե, դժվար է լինելու խաղաղություն հաստատելը: Այսօր անհրաժեշտ է, որ մենք ապահովենք այդ (խաղաղությունը) համբերությամբ եւ առանց նյարդայնանալու: Մենք դա պարտավոր ենք անել պաշտպանելով մեր ագզային պատիվը եւ գերի չդառնալով վերաբերմունքին որոշակի հանձնաժողովի անդամների, ովքեր այս ու այն ձեւով են քվեարկումՙ առանց պատմությունից գաղափար ունենալու, սոսկ մի քանի քարոզչական խմբերի պաշտպանությունը վայելելու նպատակով»: Բաց նամակ Ահմեդ Դավութօղլուին Ի պատասխան «Միլլիեթում» (մարտի 26-ին) տպագրված նրա հարցազրույցի Ձերդ գերազանցություն պրն Ահմեդ Դավութօղլու, ճիշտ եք վարվում ցանկանալով հարաբերությունները կարգավորել ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքահայության հետ: Վստահ եմ, պարզել եք, որ հայերից շատերն են ցանկանում նույնը, բայց առանց նախապայմանների: Ճիշտ եք նաեւ այն հարցում, որ սփյուռքահայությունը միատարր չէ, միասնական դասակարգման չի ենթարկվում: Չորս սերունդներ են 1915-ից ի վեր ինտեգրվել իրենց որդեգրած երկրների կյանքին եւ որոշ մասն էլ ամբողջովին ձուլվել է: Նրանք իրենց համարում են ամերիկացիներ, արգենտինացիներ, ֆրանսիացիներ, իրանցիներ, լիբանանցիներ, ռուսներ կամ սիրիացիներ: Ոմանք նույնիսկ ամուսնացել են մահմեդականների հետ եւ հավատափոխ եղել: Նրանք բոլորը տարբեր են իրարից, կախված այն հանգամանքից, թե որտեղ են ապրում: Բայց նրանք բոլորն էլ միեւնույն պատմության եւ օսմանյան թուրքերի կողմից 1915-ին իրագործված ցեղասպանության հետեւանքով առաջացած անասելի ցավիՙ վնասվածքի կրողներն են, եւ դա նրանց մեջ ամրագրել է արդարությունը հետապնդելու պատասխանատվության չափազանց զորավոր մի հավաքական զգացում: Եթե «ականավոր անձնավորություններ, ովքեր Հրանտ Դինքի թաղման արարողությանը 2007-ին զգացված էին, տեսնելով, թե ինչպես են թուրքերը ողջագուրում Հրանտ Դինքին», ինչպես դուք եք նշում, դա նրանից է, որ այդ «մենք բոլորս հայ ենք» կոչերը կրող թուրքերը իրականում ընդունում էին, որ Դինքին սպանող իրենց համաքաղաքացիները միեւնույն մտայնության տեր մարդիկ էին, ինչ 1915-ի երիտթուրքերը: Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունն ամբողջ թուրք ժողովրդին կողջագուրի, եթե Թուրքիայի կառավարությունը ճանաչի եւ ընդունի իր նախորդներիՙ օսմանյան կառավարության պատասխանատվությունն այն հարցում, որ ծրագրված բնաջնջում է իրագործել հայ քաղաքացիների նկատմամբ, անկեղծորեն ներողություն խնդրի կատարվածի համար եւ համապատասխան ջանքեր գործադրի փոխհատուցման համար: Դա վստահություն կառաջացնի երկու կողմերի միջեւ եւ թույլ կտա, որ խաղաղությունը գերակայի: «Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք պատկերացնել մեզ հայերի փոխարենՙ հասկանալու համար, թե ինչի միջով են նրանք անցել եւ ինչ են զգացել, բայց անհրաժեշտ է, որ նրանք էլ մեր հիշատակը հարգեն... 1915-ը միգուցե տարագրության (թեհջիր) տարի եղած լինի, բայց միաժամանակ դա նաեւ Զանաքկալեի (Գալլիպոլիի ճակատամարտի) տարին էր»: Ձեր այս միտքը խիստ մոլորեցնող արտահայտություն է, որովհետեւ եթե հայերը Չանաքկալեի պատճառը չէին, Օսմանյան կայսրության կառավարությունն ինքը պատճա՛ռն էր իր հայ քաղաքացիների բնաջնջման: Մարդ կարող է հասկանալ իրենց երկրի գոյության համար պատերազմող թուրք զինվորների ֆիզիկական եւ հոգեկան վիճակը, ցնցումը, բայց ինչպե՞ս կարելի է դա համեմատել անզեն հայ քաղաքացիների դեմ գործադրված բռնարարքների հետ: Կարելի՞ է հավասարության նշան դնել Հոլոքոսթից տուժած հրեաների եւ ուրիշների ցավի ու վշտի եւ այն գերմանացիների միջեւ, որոնք սպանվեցին դաշնակիցների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դուք նշում եք, որ «Հարցը հոգեբանական, իրավական, քաղաքական եւ պատմական եզրեր ունի»: Այո, թուրքերի համար դա արտահայտվում է կայսրության տարածքի մի խոշոր հատվածի կորստով, Բալկաններից մահմեդականների վտարումով, եվրոպացիների միջամտությամբՙ կայսրության ներքին գործերին, եւ երկրի գոյատեւման համար մղված պայքարով: Հայերի համար, մինչդեռ, դա մարմնավորվում է 1894-96 թվերի կոտորածներով, երբ մոտ 200 հազար հայեր սպանվեցին, այնուհետեւ Ադանայի 1909-ի ջարդերով, երբ 15-30 հազար հայեր կոտորվեցին, եւ վերջապես 1915-22 թվերի բռնագաղթերով եւ սպանություններով, երբ 1,5 միլիոն հայեր բնաջնջվեցին: Նման վատ վերաբերմունքը շարունակվեց թուրքական հանրապետության հաստատումից հետո էլ, երբ հայկական մշակութային հուշարձաններ եւ եկեղեցիներ քանդվեցին, եկեղեցապատկան ունեցվածքներ բռնագրավվեցին, երբ մարդկանց ձուլման ենթարկեցին եւ անունները փոխեցին, երբ 1942-ին «Վարլըք Վերգիսին» կիրառեցին, եւ վերջապես երբ 2007-ին Հրանտ Դինքին սպանեցին եւ ոստիկանները հպարտորեն լուսանկարվեցին Օգուն Սամաստի հետՙ թուրքական դրոշը իրենց ձեռքերում, կարծես մի մեծ հայրենասիրական միջոցառման էին մասնակցում: Այս բոլորը ձեր երկրում ապրող հայերի եւ այլ ոչ թուրքական փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերված խոր եւ հարատեւ թշնամանքի արտահայտություններ են, որոնց համար մինչեւ օրս Թուրքիայում ոչ ոք պատասխանատվության չի կանչվել: Անպատժելիության այս երեւույթը միայն խրախուսել է թշնամանքի եւ քաղաքական բռնության հետագա գործողությունները, որոնցից ամենաթարմը 2010 թվականի մարտի 17-ին ձեր վարչապետիՙ Ռեջեփ Թայիփ Էրդողանիՙ հայերին Թուրքիայից վտարելու սպառնալիքն է, որը վկայում է, թե ինչքան է քաղաքական բռնությունը արմատավորված թուրքերի հոգեբանության մեջ եւ որքան ամբողջական է մարդու իրավունքների ոտնահարումը ձեր երկրում: Օր օրի աշխարհի ժողովուրդներն ավելի քաջատեղյակ են դառնում ցեղասպանության երեւույթին: Այդ մարդիկ ուժեղ պարտավորվածություն են զգում համամարդկային իրավունքներին եւ արժեքներին: Նրանք իրենց կառավարություններից պահանջում են միջամտել եւ վերջ դնել անարդարություններին, ինչպես Դարֆուրում: Նրանք հասկանում են, որ ցեղասպանությունների կրկնողություններից խուսափելու համար պետք է դադարեն ցեղասպանության ժխտումներին մեղսակից լինելուց: Ահա թե ինչու Կատալոնիայի, Շվեդիայի եւ Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նման երկրները եւ կառույցներն այսօր էլ շարունակում են Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր ընդունել: Որովհետեւ մոռանալն ու բռնության անպատժելիությունը ծնում են նորանոր բռնություններ: Դուք ասում եք, որ «եթե մտավորականներն ու քաղաքագետները կատարեն իրենց պարտականությունները, մի նոր եւ, հնարավոր է, առավել կայուն խաղաղության ժամանակաշրջան կկարողանանք ունենալ»: Լիովին համաձայն եմ: Ուրեմն, տվեք ձեր մտավորականներին 1915-ի պատմական փաստերի մասին բացահայտորեն խոսելու ազատությունը: Մի հետապնդեք նրանց, երբ այդ իրադարձությունները նրանք դիտեն որպես ցեղասպանություն: Մի անվանեք նրանց «դավադիրներ, ովքեր թիկունքից են խոցում ազգին», երբ նրանք գիտաժողովներ կազմակերպեն, ինչպես 2005 թվին Ստամբուլում անցկացվածը: Մի թողեք, որ նրանց սպանեն, ինչպես Հրանտ Դինքին սպանեցին: Հայերի մեծամասնությունը կարող է տարբերակել 1915 թվի Թուրքիան մերօրյա Թուրքիայից: Ոչ ոք այսօր ապրող թուրքերին պատասխանատու չի համարում օսմանցիների գործած ցեղասպանության համար: Բայց նրանք ձեր երկիրն ու ձեր կառավարությանը պատասխանատու են համարում ժխտողական դիրքորոշման համար, որն ինքնին ցեղասպանական ոճրի շարունակություն է նշանակում: Ձեր խոսքերով «ազգային պատիվը պաշտպանելը» տեղի կունենա, երբ ձեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց պատմությանը իրազեկ դառնալուՙ առանց հետապնդումների ենթարկվելու: Դա նրանց կհարստացնի նոր լեզվով երկխոսություն վարելու գիտելիքներով: Եվ դրանով նրանք կհաղթահարեն ամենակարեւոր հոգեբանական խոչընդոտը: Երբ ձեր երկիրն ի վիճակի լինի ընդունելու 1915 թվի հայերի ծրագրված ոչնչացման փաստը, ապա դուք ոչ միայն կգտնեք «հայկական համայնքներ, որոնց հետ կկարողանաք երկխոսություն վարել», այլեւ ի վիճակի կլինեք սիրաշահել սրտերն ու մտքերը ձեր հարեւան երկրիՙ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, եւ աշխարհով մեկ սփռված հայերն էլ կդառնան Թուրքիայի եւ նրա ժողովրդի համար բարի կամքի դեսպաններ: Հարգանքներովՙ ԳՈՒՐԳԵՆ (ԳՐԵԳ) ՍԱՐԳՍՅԱՆ, (28 մարտի 2010 թ.)

No comments: