Tert.am. 6-4-2010- Կլոր սեղանի շուրջ նստելու՝ իշխանական և ընդդիմադիր գործող ուժերին ուղղված «Ժառանգություն» կուսակցության կոչին առաջին արձագանքները տխուր մտորումների տեղիք են տալիս։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։
Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջում անել արտաքին ուժերին, միայն թե որևէ զիջում չանի սեփական երկրի ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը, շարքային քաղաքացիներին, որը կուժեղացներ պետությունը և ավելի իրական կդարձներ արտաքին ճակատում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի տեսակետից վտանգավոր որևէ զիջում չանելու հնարավորությունը։
Նրա դիտարկմամբ՝ ընդդիմադիր որոշ գործիչներ էլ այս վտանգավոր պահին, պատրաստ են մի կողմից խրախուսել իշխանությանն արտաքին զիջումներ անելու ուղղությամբ, մյուս կողմից էլ հրահրել սոցիալական պայթյուն։ «Հիրավի, այս երկու անզիջում ուժերի ձեռքին Հայաստանը կարող է հայտնվել 1920թ. Ղարսի ամրոցի հանձնմանը համանման աղետի եզրին, որի հաջորդ արարը պետականության կորուստն է։ Ես բոլորին սթափության կոչ եմ անում»,– ասել է նա։։
Տիկին Բախշյանի խոսքով՝ ազգային կոնսոլիդացիայի ուղղությամբ քայլեր անելու փոխարեն այն ուժերը, որոնք երկու տարի առաջ հերքում, անհիմն էին համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերը, այսօր սկսում են հիմնավորել ու արդարացնել նրա վերադարձը։ «Մի մարդու վերադարձ, «որի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանում վերջնականապես հաստատվեց մինչ այդ ձևավորված ավտորիտար իշխանական բուրգը, ով ոչ մի եզր չուներ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության, օրենքի իշխանության, արդարադատության հետ, ով պետության հաշվին դիզեց հսկայական հարստություն և վերջապես մեր պատմության մեջ նրա անունը անխզելիորեն կապվեց հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հետ։ Անառարկելի է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որևէ պետական պաշտոնի կարող է մեծ հարված հասցնել արտաքին և ներքին հուժկու մարտահրավերներին` ազգային կոնսոլիդացիայի դեռևս պահպանվող փխրուն հնարավորությանը ընդառաջ»,– ասել է նա։
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment