Monday, April 5, 2010

ՆԱԽԿԻՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ

«Լրագիր» 5-4-2010- Երբ խոսք է գնում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի “ակտիվության” մասին, որպես դրա “սովորականության” փաստարկ բերվում է այն, որ նախկին բոլոր նախագահներն էլ այս կամ այն կերպ մնում են քաղաքական պրոցեսների մեջ եւ օգտագործում են իրենց փորձը, ու ասենք զարմանալի որեւէ բան չկա, որ Ռոբերտ Քոչարյանը Իրան է գնում, Փարիզ է գնում կամ որ Բրադկեն գալիս է ու հանդիպում նրա հետ: Այդ համատեքստում հաճախ հիշատակվում է ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնի օրինակը, ով մի քանի ամիս առաջ գնաց Հյուսիսային Կորեա եւ ազատեց ամերիկացի պատանդներին: Բերվում է նաեւ նույն Քլինթոնի եւ Բուշի Հայիթի կատարած համատեղ այցի օրինակը: Թվում է, որ գործ ունենք իսկապես երկաթյա տրամաբանության եւ անշրջելի փաստարկների հետ: Իրականում, սակայն, ԱՄՆ նախկին նախագահների եւ Հայաստանի նախկին նախագահների ինստիտուտների համեմատությունը բացարձակապես անհիմն է, կամ հիմնավոր է այնքանով, որ նախագահները երկու դեպքում էլ դե յուրե դառնում են նախկին: Մնացյալ առումներով, նույնացնել կամ նմանեցնել ամերիկյան եւ հայաստանյան “նախկինությունները”, նշանակում է գիտակցաբար ապակողմնորոշել հասարակությանը եւ չարդարացված պատիվ անել հայաստանյան իրականությանը: Հենց միայն մի հանգամանքը բավական է, որ պարզ լինի իրավիճակների կտրուկ տարբերությունը: ԱՄՆ նախկին նախագահները երբ այցելելու են որեւէ տեղ, ապա այդ մասին հանրությանը տեղեկացվում է միանգամայն բաց տեքստով, իրադարձությանը զուգահեռ, իսկ երբեմն էլ ավելի շուտ` մտադրության մակարդակում: Ասենք, երբ Քլինթոնը գնում է Հյուսիսային Կորեա, ապա նրա այդ մտադրության մասին հայտնի է դառնում հանրությանը մինչեւ Կորեա գնալը, իսկ երբ Բրադկեն ասենք շաբաթ օրը հանդիպում է Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին, այդ մասին հանրությանը չգիտես ինչու հայտնի է դառնում միայն չորեքշաբթի օրը` 4-5 օր անց: Կամ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնում է Իրան կամ Փարիզ, այդ մասին նրա գրասենյակը ոչ թե պաշտոնական հաղորդագրություն է տարածում այցից օրեր կամ ժամեր առաջ, կամ նույնիսկ այցի ընթացքում եւ ավարտից անմիջապես հետո, այլ ընդամենը մի քանի օր հետո հաստատում կամ հերքում է այլ աղբյուրներից ստացված տեղեկությունները: Տարբերությունը` ԱՄՆ եւ Հայաստանի օրինակների միջեւ, թերեւս հենց միայն այդ իրողության պարագայում, ակնհայտ է եւ բավարար, ավելորդ նմանություններ չփնտրելու համար: Հետեւաբար, երբ Ռոբերտ Քոչարյանի գործունեության կիսագաղտնի դրվագները դառնում են հանրության սեփականություն, պետք է, որ իշխանական կամ փորձագիտական որոշ շրջանակներ զարմանան հանրության զարմանքի եւ արձագանքի վրա, թե ինչու են նախկին նախագահների պրակտիկայի համար սովորական դրսեւորումները դառնում այդպես անսովոր աժիոտաժի առարկա: Որեւէ քաղաքակիրթ, կայացած երկրում նախկին նախագահների գործունեությունը չի իրականացվում կիսագաղտնի ձեւով: Բայց այդ ամենը թերեւս հետեւանք է ավելի հիմնարար տարբերության, որ կա Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ: Ավելորդ եւ անիմաստ զբաղմունք է մատնանշել Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքական համակարգերի եւ կյանքերի տարբերությունը, սակայն երբ փորձ է արվում դրանց նմանությամբ փաստացի ապակողմնորոշել հասարակությանը եւ սովորականացնել Հայաստանում առկա հիմնարար խնդիրները, ապա թերեւս առաջանում է Հայաստան-ԱՄՆ համեմատության անհրաժեշտություն: Բանն այն է, որ թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, “նախկին նախագահի” ինստիտուտի որակը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի որակ կա “գործող նախագահի” ինստիտուտի պարագայում: Ավելին, “նախկին նախագահի” գործունեությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե նա ինչպիսի նախագահ է եղել “գործող” եղած պարագայում, եւ էլ ավելին` ինչպես է նա դարձել գործող նախագահ: Այսինքն, ԱՄՆ պես երկրում նախկին նախագահի ակտիվ պահվածքը սովարական է այնքանով, որքանով սովորական է ընտրական համակարգի սահմանադրականությունն ու օրինականությունը: Իսկ Հայաստանում նախկին նախագահների “ակտիվությունը” սովորական է այնքանով, որքանով սովորական է ընտրական մեխանիզմի հակասահմանադրականությունն ու անօրինականությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: