Wednesday, April 7, 2010

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐՋՆԱԳՐԵՐԸ

«Լրագիր» 6-4-2010- Թուրքիայի վարչապետ Էրդողանի Վաշինգտոն կատարելիք այցից առաջ Անկարան նախանշել է իր դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է թուրքական Սաբահ թերթը, Անկարան հետեւյալ պահանջներն է ներկայացրել Սերժ Սարգսյանին. Հայ-թուրքական մերձեցման գործընթացը կախված է ինչպես Անկարայի, այնպես էլ Երեւանի քաղաքական կամքից. Արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է թույլ չտալ հայկական սփյուռքի միջամտություն, Մինսկի գործընթացը քննարկել համատեղ: Անկարան պահանջներ ունի նաեւ Վաշինգտոնից. Որպեսզի Վաշինգտոնը ստիպի Երեւանին ընդունել Ղարաբաղի հարցի կարգավորման մադրիդյան սկզբունքները. Դրսեւորի իր առաջատարությունը ինչպես հայ-թուրքական մերձեցման, այդպես էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հետ հանդիպման ընթացքում, Էրդողանը Իլհամ Ալիեւին ուղղեց երեք մեսիջ. Բաքվում շահիդների ծառուղուց հանված ոչ բոլոր թուրքական դրոշներն են վերադարձվել իրենց տեղը. Երկրորդ` Անկարան մտահոգված է երկու եղբայր պետությունների միջեւ վիզային ռեժմի առկայությամբ. Երրորդ` Ադրբեջանը մինչեւ հիմա “Քրդական աշխատավորական կուսակցությունը” չի ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: Անկարան հստակ հայտարարում է իր պայմանների մասին, ինչն, իհարկե, մի քիչ նման է վերջնագրի: Այնուամենայնիվ, թուրքական թերթերը գրում են, որ Վաշինգտոնում ապրիլի 12-13-ին կայանալիք գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի ընթացքում սահմանվելու է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամանակացույց: Իսկ մինչ այդ Թուրքիան ցուցադրում է մեծ ակտիվություն: “Եթե մեզ չընդունեն ԵՄ, ինչպես ինչ որ մեկը հավաստիացնում է, ապա կկորցնենք ոչ թե մենք, այլ նրանք (ԵՄ-ն): Ինչու՞: Որովհետեւ նրանք այդ ժամանակ կհայտարարեն այն մասին, որ հանդիսանում են քրիստոնեական ակումբ: Մենք ուզում ենք Եվրամիությունը տեսնել ոչ թե քրիստոնեական ակումբի կարգավիճակով, այլ քաղաքակրթությունների կենտրոնի կարգավիճակով”, հայտարարել է Էրդողանը: Միեւնույն ժամանակ, թուրքական պետական TRT հեռուստաընկերության արաբական լեզվով հեռուստաալիքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Էրդողանը արաբական աշխարհին կոչ է արել հեռանկարում հարել միասնական քաղաքական գծի, հաղորդում է TRT հեռուստաընկերության կայքը: Ստամբուլում երկուշաբթի տեղի է ունեցել TRT-ի El Türkiye հեռուստաալիքի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը Էրդողանը հայտարարել է, որ “այդ հեռուստաալիքը կմիացնի արաբական եւ թուրքական աշխարհները, դառնալով սրտերի կամուրջ”: Նշելով, որ թուրքերն ու արաբները եղբայր ժողովուրդներ են, Էրդողանը ասել է հետեւյալը. “Մենք ունենք միասնական անցյալ եւ միասնական ապագա: Թեկուզ մեր միջեւ գծվել են սահմաններ եւ դրվել են ականներ, ոչ մեկի ուժը չի բավականացնի բաժանման սերմեր ցանել եղբայրների միջեւ”: Էրդողանի խոսքով, Թուրքիան նայում է Արեւմուտքի կողմ, բայց դրա հետ մեկտեղ, երբեք մեջքով չի շրջվում դեպի Արեւելքը:

No comments: