Wednesday, April 7, 2010

«Հայոց ցեղասպանությունը մի վերք է, որը չի սպիացել, և մենք պարտք ունենք այդ հիշողության առջև»

Report.am. 6-4-2010- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ողջունելով գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նա Հայաստան է այցելել կարևոր իրադարձության ժամանակ. այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին նշում է կազմակերպության 40-ամյակը: «Ընդամենը 2008թ. հոկտեմբերին էր, երբ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ստացավ ասոցացված անդամի կարգավիճակ` ևս մեկ անգամ հավաստելով իր հավատարմությունը ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքներին»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահը, նշելով, որ ՖՄԿ-ն ընձեռում է նոր շրջանակ` քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության համար. «Մենք այն դիտում ենք որպես նպաստավոր միջավայր ֆրանկոֆոնիայի անդամ մյուս երկրների թե` երկկողմ և թե` բազմակողմ կապերի զարգացման գործում»: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ուրախությամբ նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի, և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում` մեր երկրի խորհրդարանի ստանձնած դերը: Նրա խոսքերով` ՖԽՎ-ն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենակարևոր օղակն է.«Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ժողովրդավարության մշտարթուն զինվորն է »: Բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերն ամբողջ աշխարհում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ֆրանկոֆոն երկրների խորհրդարանականների միջև համագործակցության ներուժը Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում, Հայաստանի խորհրդարանը դիմել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, և 2009թ. հուլիսին, Փարիզում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց ասոցացված անդամի կարգավիճակ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքերով` այս կարգավիճակը ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն է ընձեռում լիովին ներգրավված լինել ՖԽՎ աշխատանքներում: «Եւ որպես առաջին քայլերից մեկը` մենք հրավիրեցինք Եվրոպայի տարածաշրջանի 2010 թվականի համաժողովն անցկացնել Երևանում: Այն տեղի կունենա մայիսի 4-6-ը »,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը: Իր հերթին Աբդու Դիուֆին անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը, հայտնեց, որ այն մեծ դեր կարող է խաղալ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում, աջակցել ժողովուրդների միջև առկա խնդիրների լուծմանը: Այս համատեքստում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ասաց. «Հայոց ցեղասպանությունը միշտ վառ է մեր հիշողության մեջ: Այն մի վերք է, որը չի սպիացել, և մենք պարտք ունենք այդ հիշողության առջև»: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դատապարտելով յուրաքանչյուր ոճրագործություն` կանխում ենք հետագայում նմանատիպ ոճրագործությունների իրագործումն ամբողջ աշխարհում: Հովիկ Աբրահամյանը Աբդու Դիուֆին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ցանկությունը` դառնալ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ: Ի դեպ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև հաստատված համագործակցության արդյունքում Հայաստանի խորհրդարանը դարձել է «Նորիա» ծրագրի աջակցության շահառու 2010-2013թթ համար: Ծրագրի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը կթարգմանվի ֆրանսերեն լեզվով, կհարստացվի ֆրանսալեզու տեղեկատվությունը, կկազմակերպվեն ֆրանսերեն լեզվի դասընթացներ: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությունից ի վեր Ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ մեր երկրում արձանագրված ձեռքբերումներին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց ՀՀ հանրակրթական համակարգում ֆակուլտատիվ երրորդ օտար լեզվի ներմուծումը: Հայաստանում յուրաքանչյուր տարի մարտ ամսին անցկացվում են Ֆրանկոֆոնիայի օրեր: Այս տարի ավելի քան 30 մշակութային, կրթական և գեղարվեստական միջոցառումներ են ծրագրված մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ի ժամանակահատվածում: Համագործակցություն է հաստատվել հայաստանյան երկու բուհերի` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

No comments: