Wednesday, April 7, 2010

ԹՈՒՐՔԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

«ԱԶԳ», 07-04-2010 - Ամեն անգամ, երբ թուրքերը բարբաջում են հայերի կողմից «ադրբեջանական» հողերի «օկուպացման», բազում «իրավունքների» ոտնահարման մասին, ապշում ես նրանց ցինիզմից. ինչո՞ւ նրանք նույն պաթոսով չեն խոսում Հյուսիսային Կիպրոսի զավթման ու հազարավոր հույների բռնի տեղահանման մասին: Համենայն դեպս տխուր մտքեր են պարուրում քեզ, երբ այցելում ես Մոսկվայում Կիպրոսի Հանրապետության դեսպանատանը բացված «Ֆամագուստաՙ ուրվական քաղաք» լուսնկարչական ցուցահանդեսը: 36 տարի առաջ թուրքերը իրապես օկուպացրին այդ քաղաքը, որը կղզի պետության երկրորդ խոշոր բնակավայրն էր եւ խոշորագույն նավահանգիստը: Ֆամագուստայի հույն բնակիչները, հայերիցս ոչ պակաս լավ իմանալով, թե ինչ է թուրքը, փախուստի դիմեցին եւ վերահաստատվեցին երկրի հունաբնակ հատվածում: Եվ երբ նայում ես լուսանկարները, հառնում են հիրավի ուրվական դարձած քաղաքի տեսարաններըՙ «բնակեցված» առնետներով եւ օձերով: Տակավին 1979 թվականին երկու հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել քաղաքն իր բնակիչներին վերադարձնելու մասին: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր բանաձեւ, որ Ֆամագուստայի տարածաշրջանը պետք է ենթարկվեր ՄԱԿ-ի վարչակարգին: Բանակցություններն այսօր էլ շարունակվում են, սակայն թուրքը կարող է պահանջներ ներկայացնել միայն ուրիշներին, բայց ոչ իրեն: Հասկանալի է, որ տվյալ միջոցառումով փորձ է արվում ռուսաստանյան հասարակայնության ուշադրությունը հրավիրելու կիպրոսյան խնդրի լուծման վրա: Սակայն դժվար է նույնիսկ կռահել, թե ինչով կարող է իրապես օգնել Ռուսաստանը իր ուղղափառ «եղբայրներին», առավել եւս, երբ բուն Հունաստանը հայտնվել է տնտեսական խոր ճգնաժամի մեջ, իսկ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները բուռն վերելք են ապրում: Ռ. Հ., Մոսկվա

No comments: