«Ազատություն» 6.4.2010. Երեւանում անցկացվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարին մասնակցելու համար Հայաստան եկած իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին հետխորհրդային երկրների շարքում «համեմատաբար բարվոք» է համարում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։
Մինչեւ համաժողովի մեկնարկը լրագրողների հետ հանդիպմանը իրանցի իրավապաշտպանը, մասնավորապես, ասաց. - «Համագումարը Հայաստանում անցկացնելու որոշում կայացնելիս մենք չէինք պնդում կամ հավատում, որ այստեղ մարդու իրավունքների ոտնահարումներ չկան, մենք գիտենք, որ դրանք առկա են։ Ամեն դեպքում մենք որոշեցինք այստեղ անցկացնել, քանի որ մտածեցինք, որ այստեղ այնքան վատ չէ, որքան մյուս երկրներում։ Մենք միասնաբար կաշխատենք անել ամեն ինչ` իրավիճակը բարելավելու համար»։
«Մենք եկել ենք, որպեսզի Հայաստանը իրական առաջընթաց արձանագրի արդարադատության ոլորտում», - նույն ասուլիսում հայտարարեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը՝ հավելելով. - «Մեր գալու նպատակն այստեղ այն է, որ Հայաստանը իրական առաջընթաց ապրի, իսկ յուրաքանչյուր առաջընթաց հենվում է նախեւառաջ արդարադատության իրականացման վրա»։
Համագումարը նվիրված է հենց արդարադատության ոլորտի նոր մարտահրավերներին։
«Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ու քաղաքական բանտարկյալներն են լինելու մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց Բելասենը՝ վերահաստատելով այն, ինչ ասել էր երեկ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ ունեցած իր հանդիպման ժամանակ։ - «Ես չեմ եկել միայն պաշտոնատար անձանց ձեռքերը սեղմելու համար, եւ երեկ ես դա ասացի զոհերի հարազատների հետ հանդիպմանը: Ոչ մի մարդ արարած, ոչ մի հայր կամ մայր չի կարող այն բաներից հետո, ինչ ես լսեցի երեկ, մնալ անսիրտ եւ չփորձել ձեռնարկել հնարավորը, որպեսզի այդ հարցերին լուծում տրվի։ Հետեւաբար մենք պետք է հիշեցնենք իշխանություններին, որ չի կարելի լռության մատնել այս ամենը, նրանք պետք է անեն ամեն ինչ, ամեն ինչ պետք է բացահայտվի: Մենք չենք եկել այստեղ պարգեւներ բաժանելու ոմանց, այդ բոլոր ոճիրները պետք է բացահայտվեն, եւ որեւէ մեկը չպետք է մնա անպատիժ։ Ամեն ինչ անելու ենք նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։ Վստահ եղեք, որ միջազգային համերաշխությունը ձեր կողքին է, եւ մենք կհասնենք նրանց ազատ արձակմանը»:
Հարկ է նշել, որ հայաստանյան իրավապաշտպաններից ոմանք բոյկոտել են համագումարը։
«Դա իրենց` մեր կոլեգաների դիրքորոշումն է, եւ մենք ողջունում ենք ցանկացած դիրքորոշում», - ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային անդամակցող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւս հրաժարվել է ելույթ ունենալ համագումարում:
«Մեզ համար կարեւոր էր, որ քաղբանտարկյալներին եւ մարտի 1-ին առնչվող հարցերը համագումարում բարձրացվեին առավելագույնս ապակուսակցական ձեւով, սակայն օմբուդսմենը հրաժարվեց ելույթ ունենալու իր հնարավորությունից` պատճառաբանելով թե այդ ֆորմատով չի կարող ներկայացնել իր կարծիքը։ Օմբուդսմենի բացակայության բացը կլրացնի Արտակ Զեյնալյանը, ով զբաղվում է թե' զոհերի հարազատների իրավունքներով եւ թե' քաղբանտարկյալներ հարցերով», - ասաց Արտակ Կիրակոսյանը։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի նախագահը հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ նրանք այս օրերին նաեւ հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի պատմությանն ու ավանդույթներին։
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment