PanARMENIAN.Net - 5 ապրիլի 2010 - Վերջերս Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ թուրքերը չէին կարող իրագործել Հայոց ցեղասպանությունը, իսկ թուրքական պատմությունը “արեւի պես պարզ է ու պայծառ “: Թուրքերը դեմ են կատարվածը Ցեղասպանություն որակելուց: Սակայն սա այն հարցը չէ, որը պետք է Անկարան լուծի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Der Spigel ամսագրին տված հարցազրույցում: “Ապօրինի ներգաղթյալ հայերին Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ անընդունելի հայտարարությունները իմ ժողովրդի հիշողության մեջ արթնացնում են հիշողությունները Ցեղասպանության մասին: Ցավոք, նման հայտարարությունները, որ հնչում են թուրք քաղաքական գործիչների շուրթերից, անսպասելի չեն ինձ համար: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: Ամերիկան, Եվրոպան, ինչպես նաեւ Գերմանիան, հայ-թուրքական հաշտեցման գործընթացին առնչվող բոլոր երկրները պետք է հրապարակավ իրենց դիրքորոշումը հայտնեն: Եթե բոլոր երկրները արդեն ճանաչած լինեին Ցեղասպանությունը, ապա թուրքերը նման հայտարարություններ չէին անի: Թուրքիայում երիտասարդների բազմամարդ բողոքի ցույցերն այդ հայտարարության դեմ, հույս են ներշնչում: Այնտեղ նոր սերունդ է աճում, որի կարծիքի հետ քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի նստի”,-ասել է Հայաստանի ղեկավարը: Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ պատմական հանձնաժողովը չի կարող անաչառ աշխատել, եթե Թուրքիայում “Ցեղասպանություն” տերմինի օգտագործման համար մարդկանց հետապնդում են եւ դատապարտում: “Անկարայի համար կարեւոր է ձգձգել որոշումների կայացման գործընթացը, քանի որ, երբ այլ երկրների խորհրդարանները կամ կառավարությունները փորձում են Ցեղասպանության մասին բանաձեւեր ընդունել, նա կարող է ասել` մի խանգարեք, տեսեք, մեր պատմաբաններն են լուծում այդ հարցերը: Նման հանձնաժողովի ստեղծումը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի հանդեպ իրագործված Ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության եւ մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի ոճրագործության կրկնությունը կանխելու լավագուն ճանապարհը նրա հստակ դատապարտումն է: Միեւնույն ժամանակ, ինչպես դուք նշեցիք, Թուրքիան վախենում է տարածքային պահանջներից եւ փոխհատուցումից: Արարատը ոչ ոք չի կարող մեզնից խլել: Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայի տանը դուք անպայման կգտնեք Արարատի պատկերը: Ես վստահ եմ, որ կգա մի ժամանակ, երբ Արարատը կդառնա ոչ թե անջատման, այլ երկու ժողովրդների փոխըմբռնման խորհրդանիշ: Հստակեցնեմ, սակայն, հետեւյալը, Հայաստանի ոչ մի պաշտոնյա երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են վերագրում դա մեզ: Գուցե դա մեղքի գիտակցումի՞ց է: Մենք չենք շաղկապում Ցեղասպանության ճանաչումը սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ հաշտեցում տեղի չի ունենում: Թուրքերը պարբերաբար մեզանից զիջումներ են ակնկալում: Սակայն, դա անհնար է: Կարեւորագույն հարց է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, որ հարցը հնարավոր կլինի լուծել հաշված ժամերի ընթացքում: Ցավոք, նրանք մինչ այժմ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ կնշանակի Լեռնային Ղարաբաղի լիակատար հայաթափում կարճ ժամանակահատվածում”,-ասել է Սարգսյանը:
Նա հիշեցրել է նաեւ, որ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: “Այդ դեպքում, ինչո՞ւ Ղարաբաղը չպետք է նույն իրավունքից օգտվի: Միթե՞ լոկ այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ եւ Թուրքիայի հովանավորությունն ունի: Մենք կարծում ենք, որ դա արդարացի չէ”,-ասել է Հայաստանի նախագահը:
Monday, April 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment