Thursday, April 1, 2010

«ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

Ստորագրահավաքին միացել են Դինքի ընտանիքի անդամները «ԱԶԳ», 01-04-2010- Թուրքիայում բնակվող հայ ներգաղթյալներին իրենց աջակցությունն են արտահայտել պոլսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ստորագրահավաք են սկսել եւ հայտարարություն տարածելՙ «Մենք ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում» վերտառությամբ: Հայտարարության մեջ համայնքի ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն են արտահայտել Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Շիրինօղլուն Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Օսմանյան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած հայկական կոտորածները պետք է որակել ոչ թե ցեղասպանություն, այլ` «վեճ երկու անկեղծ ընկերների միջեւ»: «Շիրինօղլուն հայ համայնքի առաջնորդը չէ: Նրա լիազորությունների մեջ չի մտնում ներկայացնել հանրությանը եւ քաղաքական թեմաներով մեր անունից հայտարարություններ անել: Շիրինօղլուի հայտարարությունները ոչ թե հայ հանրության, այլ նրա սեփական տեսակետներն են: Իրականությանը չի համապատասխանում նրա հայտարարությունը, թե Թուրքիայում հայերը ոչ մի բողոք չունեն: Սակայն մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում: Գուցե նա իրեն անվտանգ է զգում, սակայն ասել, թե Թուրքիայում հայերն իրենց անվտանգ են զգում, սուտ է: Հայերն այս երկրում ենթարկվում են ցեղապաշտական հարձակումների եւ ազգային խտրականության, եւ թուրք հանրության գերակշռող հատվածում առկա են հակահայկական տրամադրություններ: Մենք սպասում էինք, որ Շիրինօղլուն վարչապետին կհիշեցնի 3 տարի առաջ տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանության եւ այն մասին, որ այդ զազրելի հանցագործության հետեւում կանգնած ուժերին բացահայտելու համար իրական քայլեր չեն իրականացվել», ասված է հայտարարությունում: Նրանք Էրդողանի` 100.000 հայերին երկրից արտաքսելու մասին հայտարարությունից հետո, Շիրինօղլուի «վարչապետին ապատեղեկացնելու համար ներողություն ենք խնդրում» խոսքերն առաջարկում են համարել միջազգային հանրության վրա ազդելու փորձեր: «Անկախ ազգությունից` այս երկրում գոյապայքար մղող ներգաղթյալներին երկրից վտարելու սպառնալիքները բարոյականության շրջանակում չեն տեղավորվում: Այս երկրում պատանդ չենք, եւ որպես քաղաքացու հավասար իրավունքներով ապրել ցանկացող հայեր` քննադատում ենք վարչապետին իր խոսքերի համար եւ չենք միանում Շիրինօղլուի հայտարարություններին», ասել են նրանք: Ստորագրահավաքը կազմակերպվել է www.bizbaskabirturkiyedeyasiyoruz.blogspot.com կայքէջում: Ստորագրահավաքին իրենց զորակցություն են հայտնել պոլսահայ համայքի 286 ներկայացուցիչներ, այդ թվումՙ «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի բոլոր անդամները, որոնք համարվում են պոլսահայ պահպանողական շրջանակների մոլի հակառակորդներ:

No comments: