Thursday, April 1, 2010

Անհերքելի փաստերը վկայում են, որ Սումգայիթում հայերի ցեղասպանության կազմակերպիչը Հեյդար Ալիեւն էր

/PanARMENIAN.Net/ 31.03.2010 - Ավարտին են մոտենում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ. փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքերով, հաջողվել է ի հայտ բերել լուսանկարչական նյութեր եւ տեսագրություններ, որոնք լույս են սփռում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների` նախկինում անհայտ մնացած մանրամասների վրա: «Մեր տրամադրության տակ կային ԽՍՀՄ Գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումները, նախաքննության եւ դատաքննության նյութեր, լուսանկարներ, որոնք կատարվել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխվել էին տանջամահ արված հայերի դիակները,-ասում է Մարինա Գրիգորյանը:-Այդ կադրերը ոչ միայն ցնցող են կատարված հանցագործությունների աննախադեպ դաժանության առումով, այլեւ ապացուցում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական տվյալներից: Եվ ամենագլխավորը` մենք գտանք անհերքելի ապացույցներ այն մասին, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել, կազմակերպվել եւ ուղղորդվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից` Հեյդար Ալիեւի գլխավորությամբ: Նախագծի ղեկավարը հավելեց, որ ֆիլմում ներկայացված են նաեւ փաստեր, որոնք այս տարիների ընթացքում բծախնդրությամբ թաքցվել են, քանի որ ականատեսները ստորագրել էին գաղտնիքի չհրապարակման մասին փաստաթուղթ: Միեւնույն ժամանակ ֆիլմը հիշեցնում է հայերի պարտադրված ինքնապաշտպանական գործողությունների մասին, որոնք ըստ էության ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի պատմական հաղթանակի «սկզբնաղբյուրը» դարձան: «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ապրիլի առաջին կեսերին, երբ հիշատակվելու է Ղարաբաղի Մարաղա գյուղում տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը, ողբերգություն, որը Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպան գործողությունների հերթական օղակներից մեկն էր: «Սովորական ցեղասպանություն» նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Շարքի առաջին` «Բաքու, հունվար, 1990» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Բաքվի ջարդերի 20-ամյակի օրերին: Հայ ազգաբնակչության ջարդեր տեղի ունեցան Սումգայիթում 1988թ. փետրվարի 26-29-ը: Դրանք ազգային բռնության առաջին բռնկումը դարձան նորագույն խորհրդային պատմության մեջ: Սումգայիթի ջարդերը տեւեցին երեք օր եւ ուղղորդվեցին զանգվածային բռնություններով, թալանով ու սպանություններով: Սումգայիթյան իրադարձություններն ազդանշան էին Ադրբեջանում հերթական, իր մասշտաբներով աննախադեպ հակահայկական հետապնդումների ու բռնությունների, նոր ցեղասպանության ալիքի առաջացման: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի ու Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ բնակչությունը: Դա փախստականների մեծ հոսք առաջացրեց Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան:

No comments: