Հայոց ցեղասպանության 95-ամյակին ընդառաջ
Հայոց ցեղասպանության ճանաչումը նպատակ է, թե՞ միջոց: Վստահաբար մեծամասնությունն անվարան կպատասխանի` միջոց: Հետևաբար, քանի որ ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, ուստի ցանկացած ցեղասպանության ժխտման հակառակը ցեղասպանության պարզ ճանաչումը չէ, այլ ճանաչման միջոցով հանցագործի պատիժը (մեր դեպքում թեկուզև բարոյական) և զոհի իրավունքների (այդ թվում նաև գույքային) հնարավորինս վերականգնումը: Կարող է արդյո՞ք ցեղասպանության ճանաչումը վերահաստատել արդարությունը, քանի դեռ հանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել հանցագործության պտուղները: Ընդ որում, հանցագործության պտուղները վայելող սերունդները ոչ թե հանցագործների պարզ հետնորդներ են, այլև հանցակիցները: Այսու, անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ որոշ հարցերի. 1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային և հայերի գույքային իրավունքները, ինչպես նաև բարոյական կորուստները, կարող են վերկանգնվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, թե՞ կա այլ ուղի ևս: 2. Ի՞նչ ծավալի իրավունքների և գույքի մասին է խոսքը:
1. Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործության (crime against humanity, преступления против человечности) տարատեսակ է: Թերևս ամենածանր տարատեսակն է, բայցևայնպես, պատասխանատվության առումով այն համարժեք է նմանաբնույթ մյուս հանցագործություններին: Միջազգային իրավունքը հստակորեն ամրագրել է, որ «բնաջնջումը, ստրկացումը, աքսորը, և որևէ քաղաքացիական բնակչության դեմ իրականացված այլ անմարդկային արարքները պատերազմից առաջ կամ ընթացքում» հանդիսանում են հանցագործություններ մարդկայնության դեմ (crimes against humanity): [… exterminatiգn, enslavement, depգrtatiգn, and գther inhumane acts cգmmitted against any civilian pգpulatiգn, befգre գr during the war …] Անվիճելի իրողություն է. թուրքերը ժխտելով Հայոց ցեղասպանությունը, ընդունում են, որ իրենց նախնիներն Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական բնակչությանն աքսորել են:
Պահպանվել է Օսմանյան կայսրության այն օրենքը (Tehcir Law), որի հիման վրա իրականացվել է հայերի աքսորը: Օրենքն ընդունվել է Օսմանյան խորհրդարանի կողմից 1915թ. մայիսի 27-ին և ուժի մեջ է մտել Թաքվիմ-ի վեքայի պաշտոնաթերթում 1915թ. հունիսի 1-ին տպագրվելուց հետո: Օրենքի ամբողջական անվանում է. «Պատերազմական իրավիճակի և հրատապ քաղաքական անհրաժեշտության պատճառով այլ վայրեր աքսորվող հայերի տարաբնակեցման կարգ» (“Regulation for the settlement of Armenians relocated to other places because of war conditions and emergency political requirements”):
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ որևէ պատճառաբանություն կամ պատրվակ աքսորն իրականցրած պետությանը, որը գործել է հանցագործ իշխանության միջոցով, չի ազատում պատասխանատվությունից և տուժողներին համարժեք հատուցում տալու պարտավորությունից: Հայերի պարագային թուրքական պետության հանցանքը բարդանում է նաև նրանով, որ աքսորի ժամանակ պետությունը հստակ քաղաքականություն է իրականացրել աքսորյալների մեջ մահացու ելքերը շատացնելու համար:
2. Հայության իրավունքների և սեփականության հարցն ունի երեք մակարդակ. ազգային կամ պետական, համայնքային կամ կազմակերպված խմբերի, անհատական կամ մասնավոր: Առաջին դեպքում ամեն ինչ հստակ` կա կատարման համար պարտադիր միջազգային վճիռ, որով հստակեցված է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը: Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասին, որոնք խարսխված են առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի վրա, առիթներ ունեցել եմ հանդես գալու, ուստի դրան այսօր չեմ անդրադառնա:
Առանց ժխտելու Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչման քաղաքական անհրաժեշտությունը, հարկ է նշել, որ իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տիտղոսի, այն է հողային իրավունքների վերականգնման, տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ: Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները ճանաչված են ցեղասպանության իրողությունից անկախաբար: Հայության համայնքային և անհատական գույքային իրավունքների վերականգնման համար ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես բնավ նախապայման չէ: Այս հարցի կապակցությամբ անհրաժեշտ է անել մի հստակեցում. հայերից ապօրինի բռնագրավված գույքի հարցում չի գործում որևէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնույթ: Բոլոր այն դեպքերում, երբ գույքը բռնագրավվել է առանց համարժեք հատուցման, այսինքն` օրինախախտմամբ, ապա ներկա տնօրինումը չի կարող օրինական իրավատիրության հիմք հանդիսանալ:
Հայերից ապօրինի բռնագրավված գույքի գնահատման հարցը բարդ խնդիր է: Չնայած կատարված որոշակի աշխատանքին, մեր պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ դեռևս խիստ հատվածական են: Օրինակ, միայն 1916թ. Բեռլինի Ռեյսխբանկին (ReichsBank) Օսմանյան կայսրությունից փոխանցած 33 տոննա ոսկու (ներկա գներով ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար) մեծ մասը, թերևս ամբողջությամբ, ապօրինի բռնագրավվել էր հայերից: Առ այսօր Թուրքիան չի բացահայտել Օսմանյան կայսրության զանազան բանկերում, ինչպես նաև օտարերկրյա բանկերի թուրքական մասնաճյուղերում, պահվող հայկական հաշիվների անվանացանկերը և գումաների չափը:
Որքան այսօր դժվար է փաստել սեփականության իրավունքը, հստակեցնել անհատական գույքի գինը և հետամտել կորուստը, նույնքան էլ դյուրին է դա անել համայնքային սեփականության հարցում: Քանի որ Օսմանյան կայսրությունը կառուցված էր ազգային/կրոնական սկզբունքով և լուսավորչական հայերը ներառված էին մեկ` էրմենի մլիեթի մեջ, ապա նրանց եկեղեցիները, վանքերն ու դպրոցները հաշվառված էին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանում: Մինչ այժմ կան տարբեր հաշվարկներ, ներառյալ 1919թ. Փարիզի վեհաժողովին հայկական պատվիրակությունների ներկայացրած տեղեկանքները: Թերևս ամենաամբողջականը Ռայմոն Գևորգյանի և Փոլ Փապուճեանի հաշվարկներն են, քանի որ դրանք հիմնված են պատրիարքարի չհրատարակված արխիվների վրա: Ըստ այդ հաշվարկների` 1913-14թթ. առաքելական հայերն ունեին 2538 գործող եկեղեցի, 451 վանք և գրեթե 2000 դպրոց: Այս հաշվարկի մեջ չեն մտնում Օսմանյան կայսրության հայ կաթողիկե համայնքի և հայ ավետարանականների հոգևոր հաստատություններն ու դպրեցները, ինչպես նաև Ռուսական կայսրության Կարսի, Սուրմալուի և Բաթումի վարչական միավորիների հայապատկան գույքը:
Ամփոփելով վերոշարադրյալը կարելի է անել հետևյալ եզրակացությունները.
Հայոց իրավունքներին տեր կանգնելու համար բնավ պարտադիր չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի համընդհանուր: Հայազգի քաղաքացիական բնակչության աքսորը նույնքան պատասխանատվություն է դնում թուրքական պետության վրա և պարտավորեցնում հատուցել աքսորյալների կամ նրանց ժառանգների կորուստները, որքան ցեղասպանության փաստը:
Օսմանյան կայսրության հայ համայքի իրավունքները ամրագրված են եղել ըստ երկրի գործող օրենսդրության, և թուրքական պետության կողմից հետագա բոլոր անօրինական զավթումները չեն զրկում նրան իր իրավունքից: Անօրինական բռնագրավումները սեփականության իրավունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հանդիսանալ: Թուրքիայի Հանրապետության 1926-27 թթ. օրենքներն ու հրամանագրերը` ուղղված կրոնական փոքրամասնությունների գույքի բռնագրավմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարատավորություններին` Լոզանի պայմանագրի 38-45 հոդվածներին: Նշյալ պարտավորությունները ենթակա չէին և ենթակա չեն փոփոխության կամ անտեսման, քանի որ նրանց, ըստ նույն պայմանագրի 37-րդ հոդվածի, տրված է հիմնական օրենքի (սահմանադրության) կարգավիճակ:
Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոմիության կազմում, ինչպես բազմիցս է հայտարարել, ապա պիտի ընդունի Եվրոմիության արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատվություն կրել սեփական պետության և նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, պիտի դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը, պիտի դադարի խոսել ուժի դիրքերից և սպառնալիքի լեզվով:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն
5 ապրիլի 2010թ.
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment