Friday, April 2, 2010

ԻՆՉՈՒ “ՃԱՆԱՉԵՑԻՆ” ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Քոչարյան-Բրադկե. հաշվարկ, թե վերահաշվարկ «Լրագիր» 2-4-2010- Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հանդիպումը, որ տեղի է ունեցել թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, տվել է Հայաստանի ներքաղաքական եւ ավելի շուտ ներիշխանական զարգացումների մասին դատողությունների հերթական ալիքի առիթ: Երբ Ռոբերտ Քոչարյանը Աֆրիկայում որս է անում, դա իհարկե հետաքրքիր է, երբ նա գնում է Իրան եւ հանդիպում Ահմադինեջադի հետ, պակաս հետաքրքիր չէ, առավել եւս հետաքրքիր է, երբ նա Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ գնում է Ֆրանսիա եւ հանդիպում Ժակ Շիրակի հետ: Բայց երբ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրում է ամերիկացիներին, դա արդեն կարծես թե շատ հետաքրքիր է: Գուցե ամերիկացիների համար էլ հետաքրքիր էր իմանալ, թե Աֆրիկայից, Իրանից, Ֆրանսիայից, բնակարանների վաճառք խթանելու առաջարկից եւ Ղարաբաղը բանակցությունից դուրս թողնելու մեղադրանքը հետ մեղելուց բացի կամ դրանից հետո ընդհանրապես ինչ է ուզում Ռոբերտ Քոչարյանը, ինչի կարիք ունի, ինչ ծրագրեր ունի, ինչքան են լուրջ այդ ծրագրերը: Հնարավոր է նաեւ, որ ամերիկացիներն այդ ամենի մասին բավականաչափ տեղեկանալով, որոշել են ինչ որ խորհուրդներ տալ Ռոբերտ Քոչարյանին, գոնե նրա ծրագրերի միջազգային բաղադրիչի մասով: Ասենք, կարող էին խորհրդատվության կարգով ասել, որ այն մեթոդները, որոնք օրինակ քաղաքականության մեջ կիրառում էր Ռոբերտ Քոչարյանը, այժմ աշխարհում այդքան էլ ընդունելի եւ հարգի չեն, եւ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, պետք է թերեւս հստակ ու պարզ ներկայացնի, թե այսպես ասած քաղաքական ինչ պլատֆորմով է ցանկանում անել դա` հին, թե նոր: Ընդհանրապես, Քոչարյան-Բրադկե հանդիպումը կարծես թե վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական դաշտի մինչեւ այժմ եղած շրջանակը ամերիկացիներին մի քիչ նեղ է թվացել, եւ նրանք ընդլայնում են այդ շրջանակը, խաղի մեջ ներգրավելով նաեւ Ռոբերտ Քոչարյանին որպես առանձին գործոն: ԱՄՆ այդպիսով գուցե մեծացնում է Հայաստանի միջոցով իր մանեւրի հնարավորությունը, որի կարիքը կարող է ունենալ տարածաշրջանային բավականին բարդ եւ խուճուճ զարգացումների պարագայում: ԱՄՆ համար թերեւս ակնհայտ է, որ թե հայ-թուրքական գործընթացը, թե Ղարաբաղի խնդիրը, թե Իրանի խնդիրը, թե տարածաշրջանի էներգետիկ նախագծերը, հաշվի առնելով այդ ամենի մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավված եւ ներգրավվող կողմերի բազմությունն ու բազմազանությունը, այդքան էլ պարզ ու դյուրին հանգուցալուծելի իրողություններ չեն ու կարող են պահանջել ավելի շատ ժամանակ, քան ասենք կարող էր թվալ առաջին կամ նույնիսկ երկրորդ հայացքից: Իսկ այդ դեպքում, երբ մեծանում է տեւական, երկարաժամկետ գործընթացի հավանականությունը, ճկունության ամեն մի լրացուցիչ մեխանիզմ կարող է լինել բավական կարեւոր եւ նշանակալից, լինել բավական օգտակար: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանին “ճանաչելու” քայլին ԱՄՆ դիմել է հենց այդ հաշվարկով: Բայց հավանական է նաեւ, որ ԱՄՆ-ի ուշադրության պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ակտիվությամբ առաջացրել է ԱՄՆ հաշվարկները խառնելու վտանգ: Այդ դեպքում ԱՄՆ-ի համար Քոչարյան-Բրադկե հանդիպումը կամ ուներ այդ վտանգը չեզոքացնելու, ասենք Ռոբերտ Քոչարյանին ԱՄՆ հաշվարկները վտանգողներին սպառնացող հնարավոր վտանգների մասին զգուշացնելու, կամ էլ պարզապես լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելուց հետո վերահաշվարկ կատարելու նպատակ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: