Tuesday, April 6, 2010

ԻՆՉ Է, ԿԱՄ ՈՐՆ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 6-4-2010- ԱՄՆ կառավարությունը ճապոնական ավտոարդյունաբերության հսկային` “Տոյոտային” ներկայացրել է ռեկորդային տուգանք` 16,4 միլիոն դոլար: Տուգանքի պատճառն այն է, որ ”Տոյոտան” պետական “կարգավորողին” ժամանակին չի տեղեկացրել իր արտադրած խմբաքանակի մեքենաների թերության մասին, ինչի հետեւանքով հետ կանչվեց ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 6 միլիոն ավտոմեքենա: Տուգանքի մասին հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Ռեյ Լահուդը: Նա ասել է, որ պետությունը շարունակում է քննել գործը եւ չի բացառվում նոր` լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը “Տոյոտայի” հանդեպ: Լահուդի խոսքով, իրենք տիրապետում են ապացույցների, որ “Տոյոտան” թերությունների մասին իմացել է դրանք հրապարակայնացնելուց դեռեւս ամիսներ առաջ, բայց գիտակցաբար թաքցրել են դրանք, վտանգելով քաղաքացիների կյանքը: “Տոյոտան” չի կարողացել կատարել իր օրինական պարտավորությունները, հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարարը: Դեպքն իհարկե հատկանշական է, հատկապես նրանց համար, ովքեր սիրում են տարբեր առիթներով համեմատություններ անցկացնել ասենք Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային, թե կենցաղային մակարդակներով: Այդ համեմատության հեղինակների զգալի մասն, իհարկե, ելնելով նաեւ “համաշխարհային դավադրության” տեսությունից, որին Հայաստանում առանձնակի հաճույքով դավանում են հատկապես իշխանական վերնախավում, կասեն, որ տեղի ունեցածը ոչ թե պետության սկզբունքայնության, այլ պարզապես ԱՄՆ-Ճապոնիա փոխհարաբերության խնդիր է, կամ կասեն, որ “Տոյոտան” ասենք ինչ որ բանով չի գոհացրել ԱՄՆ “կառավարող” հրեաներին, նրանք էլ որոշել են տուգանել “խեղճ” ընկերությանը: Դե, “հոգեխանգարմունքի” տեսությունից եւ “նեյրոլինգվիստիկայից” հետո մնացյալ բոլոր տեսություններն էլ դառնում են հնարավոր, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` “Սըր Չարլզ Դարվինից հետո, սրանցից էլեկտրական աթոռ էլ կսպասես”: Իսկ ինչն է փաստը: Փաստն այն է, որ պետությունը տուգանում է հսկա ընկերությանը, քանի որ այն բավականաչափ չի կատարել իր պարտականությունները եւ քաղաքացիներին ժամանակին չի տեղեկացրել նրանց համար վտանգավոր իրողության մասին: Փաստն այն է, որ պետությունը տվյալ պարագայում ոչ թե “փայ” է մտնում “Տոյոտայի” հետ, այլ կատարում է իր պարտականությունն ու տուգանում է քաղաքացիների կյանքը վտանգած ընկերությանը: Հնարավոր է արդյոք այդպիսի մի բան պատկերացնել Հայաստանում: Ասենք, հնարավոր է արդյոք, որ որեւէ մի բենզին ներկրող տուգանվի այն բանի համար, որ նա քաղաքացիներին բենզինի փոխարեն վաճառում է բենզինին մոտ գտնվող ինչ որ հեղուկ, այն էլ վաճառում է ցույց տալով իբր թե ասենք 10 լիտր, բայց իրականում ամեն 1000 գրամի մեջ ասենք մի քանի տասնյակ կամ հարյուր գրամ խաբում է սպառողին: Այդ երեւույթի մասին Հայաստանում գիտե վարորդների գրեթե 100 տոկոսը, նրանք իրենց “մաշկի”` այսինքն մեքենաների վրա են զգացել այդ երեւույթը, բայց Հայաստանում պետությունը փորձ անգամ չի արել այն հիմնարար կերպով ուսումնասիրելու եւ դաշտը կարգավորելու, իսկ օրինախախտության դեպքում էլ մեղավորին պատժելու համար: Կամ, հնարավոր է արդյոք պատկերացնել, որ Հայաստանում պետությունը որեւէ լուրջ ուսումնասիրություն կատարի ենթադրենք շաքարավազի կամ որեւէ այլ սննդամթերքի շուկայում եւ պարզի, որ այդ ապրանքատեսակը Հայաստանում թանկանում է ոչ թե համաշխարհային միտումների, այլ պարզապես հայաստանյան մենաշնորհի պատճառով: Կամ, կարող է արդյոք նույնը լինել գազի պարագայում, երբ պետությունն ասենք ուսումնասիրի, թե արդյոք որակյալ է այն գազը, որ պարբերաբար թանկացնում են սպառողի համար, նաեւ առանձին գումարներ են գանձում սպասարկման համար, բայց իրականում սպասարկում ասվածը պարզ եւ ձեւական թղթաբանությունից այն կողմ չի անցնում: Հնարավո՞ր է արդյոք այդպիսի բան: Հազիվ թե: Հայաստանում հնարավոր է այն, որ պետական կարգավորողը դեղերի շուկայում ինչ որ բաներ հայտնաբերի, ինչ որ վարույթ իրականացնի, պատժամիջոց սահմանի, բայց հետո կարգավորող մարմնի ղեկավարը, ընդ որում նորանշանակ ղեկավարը, հանկարծ վերցնի ու հրաժարական տա, իսկ դեղերի շուկայի վարույթն էլ հետո դադարեցվի շուկայի “անմեղության” պատճառով: Իսկ հնարավոր է արդյոք, որ Հայաստանում բոլոր ոլորտներում պետական կարգավորումը լինի այն մակարդակի վրա, ինչ Միացյալ Նահանգներում: Տեսականում իհարկե հնարավոր է, եթե Հայաստանի Հանրապետությունում էլ պետական կառավարման համակարգի ձեւավորման մեխանիզմի հիմքում դրվի քաղաքացու քվեարկության ինստիտուտը, ոչ թե օլիգարխի սափրագլուխների եւ քրեական հեղինակությունների ջոկատները, որոնք կամ կաշառում են, կամ ահաբեկում են, կամ էլ պարզապես քվեարկում են ընտրողի փոխարեն ու հետո հաշվում իրենց իսկ լցոնածը: Շատերն, իհարկե, իմ այս դատողությունը կհամարեն միամիտ, ինձ հորդորելով տնտեսական պատերազմների բովում կայացվող որոշումները չդիտարկել քաղաքացիների շահի պաշտպանության համատեքստում եւ մեր փառապանծ պետականությունը չստվերել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համեմատությամբ: Եվ թերեւս հենց դա է պետականության կառուցման գործում արդյունքի մեծ տարբերության կարեւոր պատճառներից մեկը: Եթե Հայաստանում իշխանական մակարդակում գրեթե ամբողջությամբ, իսկ հասարակական մակարդակի մի զգալի մասում զբաղված են “դավադրության” մերկացմամբ, “դավադիրներն” իրականում զբաղված են պետություն կառուցելով, հզորացնելով, պետության ապագային սպառնացող տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ եւ լուծումներ որոնելով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: