Tuesday, April 6, 2010

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԸ

Ամենամեծ խնդիրը նրանցՙ Թուրքիայում ծնված երեխաներն են «ԱԶԳ» , 06-04-2010- «Ստամբուլի ապօրինի (բնակվող) հայերը» վերնագրով հոդված է հրապարակել ավստրիական « Դի փրեսսեն »: Տնային տնտեսությանն օգնելու գործում նրանք գնահատված են, քաղաքականության համարՙ խաղագնդակ, գրում է թերթի լրագրող Յան Քեեթմանըՙ պարզաբանելով, որ առավել շատ են այն ենթադրությունները, թե Թուրքիայում նրանց թվաքանակը 10-20 հազար է: Ավստրիացի լրագրողը պատմում է Ստամբուլի թաղամասերից մեկում նոր գոթական ոճով կառուցված հայկական եկեղեցում կիսաօրինական գործող դպրոցի եւ երկարօրյայի մասին: Այստեղ 3-11 տարեկան 58 հայ երեխա է կրթություն ստանում, նրանց ծնողներն աշխատանքային միգրանտ են, ապօրինի են բնակություն հաստատել Թուրքիայում: Կանայք ժամանակավորապես հավաքարար կամ երեխաների խնամատար են աշխատում: Հայրերը պատահական աշխատանք են կատարում, ոմանք կոշիկ են մաքրում, լավագույն բախտն ունեն այն քչերը, ովքեր հայ ոսկերիչների մոտ են աշխատում: 100 000 հայերին տարհանելու Էրդողանի սպառնալիքին անդրադառնալովՙ հոդվածագիրը ներկայացնում է երկրում օրինական բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցչիՙ «Ակօս»-ի խմբագիր Արիս Նալչիի խոսքըՙ Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո այսպիսի արտահայտություններ սովոր ենք լսել: Բայց անօրինական ապրողների համար վախը մեծ է, գրում է «Դի փրեսսեն»: Տնտեսական ճգնաժամից հետո բնակության անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող օտարերկրացիներին հաճախ են արտաքսում: Աշխատանքային միգրանտները միայն Հայաստանից չեն, այլՙ առաջին հերթին, Կենտրոնական Ասիայի երկրներից, առավել հաճախՙ Թուրքմենստանից, նաեւՙ Վրաստանից: Ավելի մեծ թիվ են կազմում կանայք, քանի որ նրանք տնային թեթեւ աշխատանք արագ են գտնում: Հստակ վիճակագրություն չկա, թե որքան անօրինական հայ կա, նրանց մի մասը ներկայանում է իբրեւ վրացի: Ամենամեծ խնդիրը Թուրքիայում ծնված երեխաներն են: Հայկական դպրոցներն արտոնություն չունեն նրանց ընդունելու, քանի որ օրինական կարգավիճակ չունեն: Եկեղեցում ուսուցումը անհրաժեշտությունից առաջացած ծայրահեղ միջոցառում է: 5 ուսուցիչ է երեխաներին կրթում, դասագրքերը ներմուծում են Հայաստանից, մի երկիր, ուր օրերից մի օր երեխաները վերադառնալու են, մի երկիր, ուր նրանցից շատերը դեռ չեն տեսել: Ուսուցիչ Հերիքնազ Ավագյանը դասաժամի պայմանները ծանր է որակում: 2003-ին դպրոցը 7 աշակերտ ուներ միայն, հիմա նրանց թիվն արդեն 58 է դարձել: Նպատակն այն է, որ երեխաները վերադարձից հետո հետ չմնան, ասել է ուսուցիչը: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: