Tert.am 23-4-2010- Հայ ազգային կոնգրեսը տարածել է հաղորդագրություն, որում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումն անվանում է ««նախաձեռնողական» քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը»:
Հաղորդագությունում ասվում է. «Հայ ազգային կոնգրեսը սույն թվի փետրվարի 2-ի հայտարարության մեջ արդեն անդրադարձել է Ցյուրիխյան ուրացման գործարքին: Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ համար անընդունելի է Թուքիայի պահանջով արձանագրություններում նախատեսված և Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ, այլ նաև գործնականում, հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու փոխարեն, դառնալու է մեր ժողովուրդների հարաբերությունները թունավորող գործիք:
Թե' բարոյական, թե' քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի` կեղծված նախագահական ընտրություններով և մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը և աջակցության ապահովմանը: Մինչդեռ, իրականացան Հայ ազգային կոնգրեսի բոլոր նախազգուշացումները Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի: Օգտվելով ռեժիմի անձեռնհասությունից, Թուրքիան հետևողականորեն շարունակեց կապել արձանագրությունների վավերացումը և սահմանների բացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Արդյունքում, ոչ միայն չթուլացան միջազգային ճնշումները Ղարաբաղի հարցում, այլ ընդհակառակը`այն աստիճանի ահագնացան, որ դրանց ներքո Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը /ԵԱՀԿ-ի Աթենքյան հայտարարություն/: Կապելով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները, Թուրքիային հաջողվեց նաև առանցքային և Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ` Մինսկի խմբի ձևաչափը:
Խճճվելով սեփական «նախաձեռնողական» քաղաքականության սարդոստայնում, ակնհայտ ձախողումների հանդիման, Սերժ Սարգսյանն այլևս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլևս չունի հետագա քայլերի ծրագիր և զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային և անհետևողական գործողությունների միջոցով սեփական հասարակության և միջազգային հանրության առջև իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով: Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական և անիրականանալի պարտավորություններ ստանձնելով, իշխանությունները խաթարում են Հայաստանի, որպես հուսալի գործընկերոջ, վարկը և հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար:
Այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունն է ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը և արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձևավորումը»:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment