PanARMENIAN.Net - 21 ապրիլի 2010 - “Հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրման օրվանից հայկական կողմին շատ բան տվեցին”, - PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական գործընթացը միջազգային միություններին առիթ տվեց ավելի լավ ծանոթանալու տարածաշրջանի հիմնախնդիրներին և բարձրացրեց Հայաստանի միջազգային վարկը: “Տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ընթացքում միջազգային միությունները մեկ անգամ ևս մեղադրեցին Թուրքիային` Հայաստանի սահմանը փակելու համար: Դա շատ դրական երևույթ է”, - ասել է նա:
Պատգամավորը նշել է, որ ի հեճուկս Թուրքիայի սպասումների, գերտերությունները հստակորեն հայտարարել են, որ հայ-թուրքական գործընթացը կապ չունի ղարաբաղյան կարգավորման հետ: “Պետք է նաև նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խթանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը”, - ընդգծել է Կարեն Ավագյանը: Նա ավելացրել է նաև, որ արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետներն արդեն լրացել են, սակայն Թուրքիան դեռևս պատճառներ է փնտրում գործընթացը ձգձգելու համար:
“Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, իր հերթին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Հայաստանը միշտ պահպանել է խաղի կանոնները, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին:
Պատգամավորը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ընթացքում հայկական կողմը կորուստ չի ունեցել, քանի որ Թուրքիան չի կարող այլևս փակել արդեն փակ սահմանը: “Այս գործընթացի ձախողման միակ կորուստը և’ Հայաստանի, և’ տարածաշրջանի երկրների համար խաղաղության ու անվտանգության կորուստն է լինելու”, - նշել է նա:
Զոհրաբյանը մեծ հույսեր է կապում ապրիլի 24-ին ՀՀ նախագահի ուղերձի հետ: Նա հույս ունի, որ նախագահի այդ ուղերձում կհնչի հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման վերաբերյալ նրա որոշումը, ինչի մասին նախագահը խոստացել էր Վաշինգտոն գնալուց առաջ:
Thursday, April 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment