Monday, May 24, 2010

Ազատության հրապարակը վերադարձվեց երևանցիներին 500-տեղանոց ավտոկանգառով

Այսօր Ազատության հրապարակը վերադարձվեց երևանցիներին, որի փոխարեն Երևան քաղաքը ունեցավ 500-տեղանոց ավտոկայանատեղի, որը շատ էր անհրաժեշտ: Ազատություն հրապարակում ստորգետնյա ավտոկանգառի բացման ժամանակ լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ըստ նրա, այս ավտոկանգառը Երևանի կենտրոնական հատվածը մի քիչ կթեթևացնի:Նշենք, որ Երևան քաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու ու ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու նպատակով Հայաստանի կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի որոշմամբ ընդունվել էր իտալական «Renco S.p.A» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիր, համաձայն որի պետք է կառուցվեր միջազգային չափանիշներին համապատասխանող Ազատության հրապարակում 500 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառ:Ազատություն հրապարակի ավտոկանգառի բացմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի դեսպանը և այլ պաշտոնատար անձիք:500 ավտոմեքենայի համար նախատեսված եռահարկ կայանատեղիի յուրաքանչյուր հարկի բարձրությունն է 3.06 մ, մուտք գործող մեքենայի բարձրությունը չպետք է գերազանցի 2,1 մ: Շինարարության մեջ օգտագործվել է ժամանակակից տեխնոլագիաներ, նյութեր և սարքավորումներ: Մասնավոապես, միջհարկային ամուր ծածկերի իրականացման համար «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն օգտագործել է երկաթբետոնային փրփրացված միջուկով պանելներ, որոնք զգալի չափով իջեցնում են շինության քաշը և երաշխավորում են առավել սեյսմակայունություն ու ամրություն: Ավտոկանգառի մուտքն ու ելքը Թումանյան փողոցից է: Մոնտաժվել է հակահրդեհային ավտոմատացված համակարգ, ինչպես նաև հակահրդեհային ծորաններ, ներկառուցվել է 160 մ խորանարդ տարողությամբ ջրավազան, տեղադրվել են կրակմարիչներ: Տեղադրվել է նաև 100 ԿՎՏ հզորությամբ դիզելային ագրեգատ` էլեկնտրաէներգիայի անխափան մատակարարման նպատակով: Շինարարական աշխատանքի համար ծախսվել է, ըստ Գ. Բեգլարյանի, մոտավորապես 4 միլիարդ դրամ:Իսկ թե ինչքան պետք է վարորդը վճարի իր մեքենան այնտեղ կայանելու համար, քաղաքապետ Գ. Բեգլարյանն ասաց, որ դեռևս չեն հստակեցրել, թեև վաղն արդեն հանձնվելու է շահագործման: Կառավարությանը ներկայացրած կայանատեղիների մասին օրենքի նախագծով սահմանված է 100-500 դրամ մեկ ժամը: «Կարող է լինել 100 դրամ, 150 կամ 200 դրամ: Հիմա չեմ ուզում կոնկերտ թիվ ասել, մինչև կհստակեցնենք: Սակայն մենք այնպիսի գին ենք ընտրելու, որ գոհացնի բնակիչներին»,- ասաց Երևանի քաղաքապետը:Ազատության հրապարակն ամբողջությամբ է վերականգնվել ու բարեկարգվել, տեղադրվել են լրացուցիչ նստարաններ, կառուցվել է արտաքին լուսավորության նոր ցանց, վերանորոգվել են նաև հրապարում կանգեցված Հովհաննես Թումանյանի ու Ալեքսանդր Սպենդիարանի արձանները:

No comments: