Monday, May 24, 2010

Խնդրով լուրջ զբաղվողները շատ լավ հասկանում են, որ Քելբաջարի հանձնման մասին հայերի հետ խոսելն անիմաստ է

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն մտահոգություն հայտնեց, որ գրեթե բոլոր միջազգային ատյաններում քննարկում են Հայաստանի կողմից շրջանների հանձնման մասին հարցը, իսկ թե ինչ զիջումների պետք է գնա Ադրբեջանը, որևէ մեկը չի խսում: «Գիտեք ինչ, կարծես հարբած մարդկանց մի մթնոլորտ լինի, որտեղ անընդհատ խոսում են շրջանների հանձնման մասին»,-ասաց քաղաքագետը` ավալեցնելով, որ այդ մթնոլորտը ձևավորվել է հայկական կողմի ոչ կոշտ ռազմավարության արդյունքում: Ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի ու երկու կամ ավելի շրջանների հանձնման մասին հայտարարություններին ու խոսակցություններին պատասխանի բարձր մակարդակով ու կոշտ: Ադրբեջանն ու Թուրքիան մտել են խարդավանքների մեջ ու սկսել են ստեր տարածել, իսկ եթե դրանք բարձր մակարդակով չեն հերքվում կամ պատասխան չեն ստանում, ապա կարող են կասկածներ առաջանել, հայկական կողմը միգուցե գնա զիջումների: «Ադրբեջանն ասում է մեր զիջումն այն է, որ մենք պատերազմ չենք սկսում: Դա ուղղակի ծաղրանք է մեզ համար, դրան պետք է վերջ տրվի, ու քանակը հնարավոր է վերածվի որակի, ես լուրջ վտանգ եմ տեսնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար: Ես կարծում եմ, այս վտանգը չտեսնել չի կարելի»,-ասաց Բոզոյանը: Ասուլիսի մյուս մասնակից քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ անդրադառնալով թուրքական մամուլի կողմից տարածված երկու շրջանների` Քելբաջարի ու Ֆիզուլիի հանձնման մասին տեղեկություններին, ասաց որ դրանք սուտ են: Նրա բացատրությունը շատ պարզ է: «Հենց այդ շրջանների մասին խոսելիս որևէ ռեալ բան չի կարող լինել»,-ասաց քաղաքագետը, վստահեցնելով, որ հայկական կողմն ավելի շուտ պատրաստ կլինի պատերազմել, քան Քելբաջարը հանձնել: Ըստ նրա, Քելբաջարի մասին «Հյուրիեթում» գրվել է միայն այն պատճառով, որ թուրք լրագրողը այդ շրջանի անունն է լսել: «Խնդրով լուրջ զբաղվողները շատ լավ հասկանում են, որ Քելբաջարի հանձնման մասին հայերի հետ խոսելն անիմաստ է»,-ասաց Ս. Մինասյանը: Քաղաքագետները նաև մտահոգություն հայտնեցին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ, որտեղ Հայաստանը համարվում է «ագրեսոր» ու կոչ է արվում զորքերը դուրս բերել տարածքներից: Երկուսն էլ համաձայնեցին, որ բանաձևը հայկական համապատասխան մարմինների վատ աշխատանքի արդյունք է, սակայն սա էլ հերթական փաստաթուղթն է ու կմոռացվի այնպես, ինչպես ասենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի կողմից ընդունված նմանատիպ բանաձևերը: «Մենք պետք է հասկանանք, որ Եվրոխորհրդարանը բավականին ծանր ու բյուրոկրատական կերպով աշխատող մի հիմնարկություն է, ու նման բանաձևի ընդունումը տեխնիկական առումով հնարավոր է, ու բյուրոկրատական պրոցեդուրանները թույլ են տալիս նման կիքսերի ընդունման»,-ասաց քաղաքագետը:

No comments: