Saturday, May 22, 2010

ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ` ՓԱՆԱՀԻԻՆ

Կաննի փառատոնը ամբողջությամբ նվիրվել է իրանցի ռեժիսորին բանտից ազատելու գործին Իրանի Էվին բանտում հայտարարած հացադուլի 5-րդ օրը իրանցի անվանի ռեժիսոր Ջաֆար Փանահին վերջապես հանդիպել է իր ընտանիքին, փաստաբանին եւ դատավորին: Այս մասին տեղեկություն է տարածվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Փանահիին աջակցող էջում: Հիշեցնենք, որ Փանահին պահանջել էր հանդիպում իր ընտանիք հետ, նրանց անվտանգության երաշխիքների տրամադրում, փաստաբանի իրավունք եւ աննախապայման ազատություն՝ մինչեւ դատավարությունն ու դատավճիռը: Ֆեյսբուքում նրա էջը հայտնում է, որ Փանահին, այնուամենայնիվ, կշարունակի հացադուլը, քանի որ իր երրորդ պահանջը չի կատարվել: Մանրամասներ չեն հաղորդվում, թե արդյո՞ք ընտանիքն ամբողջությամբ ազատության մեջ է, կամ նրանց տրվե՞լ են անվտանգության երաշխիքներ: Հայտնում են նաեւ, որ Փանահու գործը հանձնվել է հեղափոխական դատարանին եւ հնարավոր է լսվի եկող կիրակի: Միաժամանակ Կաննի փառատոնը ընթանում է իրանցի ռեժիսորի եւ իր հալածյալ գործընկերների շուրջ աջակցության համապատկերում: Բոլոր թեմաները Կաննում ելնում ու հանգում են իրանցի ռեժիսորներին: Հիշեցնենք, որ ի աջակցություն մարտի 1-ին անորոշ մեղադրանքներով ձերբակալված Ջաֆար Փանահու, Կաննի փառատոնը նրան հրավիրել էր նախագահելու այս տարվա ժյուրին: Իսկ երբ նրան շարունակեցին բանտում պահել, փառատոնը որոշում կայացրեց ժյուրիի նախագահի տեղը թափուր պահել: Գլխավոր մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը նույնպես իրանցի՝ անկախ կինոռեժսիոր Աբբաս Քյառոսթամիի «Վավերական պատճեն» կինոնկարն է, որի գլխավոր դեղը զբաղեցրած Ժուլիետ Բինոշը Քյառոսթամիի հետ հավասար Կաննում հանդես է գալիս Փանահիի ակտիվ հրապարակային աջակցությամբ: Կաննում այս տարի ներկայացված է 15 իրանական ֆիլմ, որոնց մասնակցությունը հնարավոր է դարձել միայն Իրանի մշակույթի եւ իսլամական ուղենիշների նախարարության թույտվությունից հետո: Նախարարությանը կից «Ֆարաբի» կինոֆոնդի նախագահը կասկած է հայտնել, թե Քյառոսթամիի ֆիլմը կարելի է «մաքուր իրանական» կինո համարել: Քյառոսթամին հայտարարել է, որ փառատոնից հետո վերադառնալու է հայրենի Իրան, ինչը նրա եվրոպացի գործընկերներին մտահոգվելու լրացուցիչ առիթ է տվել: Իրանական անգլալեզու «Թեհրան Թայմսը» հաղորդում է, որ Իրանի մշակույթի նախարարի՝ կինոյի գործերով տեղակալը հանդիպում է ունեցել Կաննի փառատոնի նախագահի հետ: Հանդիպման որեւէ մանրամասն չի հաղորդվում: Հաղորդվում է նաեւ, որ Ֆրանսիայի մշակույթի եւ արտաքին գործերի նախարարությունների չորս ներկայացուցիչների խումբ է պատրաստվում ուղեւորվել Իրան՝ Ջաֆար Փանահուն ազատ արձակելու խնդրագիր ներկայացնելու: Ջաֆար Փանահիից բացի ընդդիմությանը հարելու մեղադրանքով իրանական բանտերում են նաեւ այլ ռեժիսորներ, արվեստագետներ: Քաղբանտարկյալների թիվը հաշվվում է մոտ երկու հարյուր: Կայացվել է մահվան ինը դատավճիռ, որից երկուսն ի կատար են ածվել:

No comments: