«ԱԶԳ» , 22-05-2010- Ըստ միջազգային ժամանակակից իրավական նորմերիՙ «ագրեսորը» իրավական եզր է, որը ենթադրում է մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության դեմ` ՄԱԿ-ի կանոնադրության տեսակետից ուժի ապօրինի կիրառում: Ընդ որում` ագրեսիայի հասկացությունը անպայման ենթադրում է նախաձեռնություն, այսինքն` այս բնորոշումը կարելի է տալ միայն նախահարձակ պետությանը:
Իսկ այժմՙ Ղարաբաղի մասին. նախ` մինչեւ ղարաբաղյան պատերազմի սկսելը, 1988-ից Ադրբեջանում իրականացվում էին հայերի բռնի տեղահանումներ, կոտորածներ, մի խոսքով` Ցեղասպանություն: Ադրբեջանական «բնաջնջող ձեռքը» անպայման հասնելու էր նաեւ Ղարաբաղ, նրանք արդեն հայերին բնաջնջում ու տեղահանում էին մերձակա Կիրովաբադում: Այս պարագայում ի՞նչ պետք է աներ ոչ միայն սեփական տարածքում, այլեւ ընդհանրապես ապրել ցանկացող ժողովուրդը` Ղարաբաղում բոլոր ժամանակներում այդ տարածքներում ճնշող մեծամասնություն կազմող հայերը: Իհարկե, նրանք պետք է պայքարեին` սեփական բնաջնջումը սեփական հողում թույլ չտալու համար: Աշխարհի ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կառույց չի կարող կոնկրետ նշել այն օրը, ժամը, երբ Հայաստանը հարձակվեց Ադրբեջանի վրա եւ խլեց «նրա տարածքները»:
Սակայն պարզվում է, որ Իսլամական խորհրդաժողով կազմակերպության անդամ երկրները «կարող են նշել այդ օրը». Դուշանբեում կայացած այս կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 37-րդ նստաշրջանում ընդունվել է «Դուշանբեի հռչակագիր», որտեղ Հայաստանը ճանաչվել է ագրեսոր, պահանջվել է ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հիմք ընդունելով, մտահոգություն է հայտնվել մուսուլմանական հուշարձանների կործանման վերաբերյալ, որոնք դիտվել են որպես «Հայաստանի դրսեւորած ագրեսիայի հետեւանք», եւ վերջում իսլամական երկրները որոշել են տնտեսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին:
Նախ նշենք, որ Իսլամական խորհրդաժողով կազմակերպության անդամ են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Լիբանանը, Սիրիան, Ղազախստանը եւ այլն: Այս վերջինի դեպքում իրադրությունը առավել անհասկանալի է թվում. Ղազախստանն այսօր ԵԱՀԿ գործող նախագահն է, իսկ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ զբաղվող Մինսկի խումբը, գաղտնիք չէ, որ հենց ԵԱՀԿ-ի ստեղծած մարմին է: Հետեւաբար Ղազախստանը` իսլամական երկրների ընդունած այս որոշմամբ, փաստորեն, դրսեւորում է կողմնակալ մոտեցում մի խնդրում, որի վերաբերյալ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն անձամբ, մինչ ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելը, երաշխավորում էր, որ կցուցաբերի «հավասարակշիռ մոտեցում»: Այս հռչակագրով, սակայն, կասկածի տակ է դրվում Ղազախստանի օբյեկտիվ, եթե չասենքՙ արդարացի, հետեւաբար առաջանում է ԵԱՀԿ-ում նրա նախագահության վերաբերյալ անվստահության հարց:
Ըստ «Պանորամա.ամ»-ի, Երեւանում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչ դիվանագետը այս կապակցությամբ նախ նշել է, որ ինքը տեղեկացված չէ, թե ինչպես է քվեարկել իր երկիրը հռչակագիրը ընդունելիս, այնուհետեւ ավելացրել է. «Ես չգիտեմ, միգուցե Ղազախստանը ձեռնպահ է քվեարկել»: Հայկական նույն կայքը զրուցել է նաեւ Երեւանում Իրանի դեսպանատան ներկայացուցչի հետ, վերջինս էլ, ընդգծելով, որ «նստաշրջանը կազմակերպված չի եղել Իրանում, հետեւաբար ճիշտ կլինի նման հարցեր ուղղել այն երկրին, որը եւ կազմակերպել է այդ նստաշրջանը», հետո վստահեցրել է, որ «Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել, եթե մենք փոխեինք այն, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ կլիներ»: Ի՞նչ է ստացվում, Իսլամական խորհրդաժողով կազմակերպության անդամ երկրները, մասնավորապես Հայաստանին առավել մոտ Իրանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում նախագահող, տրամաբանորեն` օբյեկտիվ ու հավասարակշիռ մոտեցումներ ունենալ պարտավոր Ղազախստանը ընդունել են կամ առնվազն չեն խոչընդոտել` Հայաստանին ագրեսոր ճանաչելու որոշմանը: Անշուշտ, կարելի է «ըմբռնումով մոտենալ» նրանց, չէ՞ որ, երբ խոսքը իսլամական համերաշխության մասին է, մնացած բոլոր հարցերը երկրորդական են դառնում: Թերեւս հենց իսլամական համերաշխությունը եւս մեկ անգամ ապացուցելու համար են երկրներից շատերը ենթարկվել Ադրբեջանի շանտաժին: Իսկ ընդունված հռչակագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ, նախՙ որեւէ արժեք չունեցող միջազգային իրավունքի տեսանկյունից, եւ երկրորդ` Ադրբեջանի շանտաժով ստացած հերթական հաղթանակ, սակայն, ինչպես օրեր առաջ դիպուկ նկատեց բրիտանական հայտնի The Guardian-ը. «Ոչինչ չի կարող ստիպել հայկական կողմին հրաժարվել այն տարածքներից, որոնք նա ձեռք է բերել հերոսաբար կռվելով»:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment