Saturday, May 22, 2010

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, որում մասնավորապես նշված է. Հարգելի պարոն նախագահ, Երեկ, մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, որում տեղ գտած որոշ դրույթների մասին մտահոգություններս ցանկանում եմ հայտնել սույն նամակով: Բանաձևի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձևակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ եւ ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաեւ` հենց Եվրոպական Խորհրդարանի 1998 թվականից ի վեր ընդունված բանաձեւերին: Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին եւ Աքվիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձեւում: Բանաձեւի հեղինակ, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը երբեւէ առնչություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ զեկույցի պատրաստման ընթացքում չի այցելել տարածաշրջան: Նա նաեւ հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես ԵՄ անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներում անհանդուրժելի խեղաթյուրումների պատճառներից է: Այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի հեղինակությանը եւ լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանը կարևորում է Եվրոպական Խորհրդարանի հետ համագործակցությունը եւ հույս է հայտնում, որ անաչառ եւ հավասարակշիռ մոտեցումներով Ձեր ղեկավարած կառույցն իր նպաստը կարող է բերել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

No comments: