Friday, May 21, 2010

Ռուսաստանյան 25 կազմակերպություններ Անկարային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 21-5-2010- Կուբանի երկրամասի 25 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով Թուրքիայի իշխանություններին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Firat գործակալությունը: «Կուբանի էթնիկ հանրությունների կոչը Թուրքիայի իշխանություններին» վերտառությամբ հայտարարության մեջ, որի տակ իրենց ստորագրությունն են դրել Կուբանում գործող հայերի, հրեաների, գերմանացիների, ռուսների, կազակների, ասորիների, հույների, դաղստանցիների, քրդերի, օսերի, աբխազների, թաթարների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ասվում է. «Ռուսաստանն աշխարhի ամենաբազմազգ պետությունն է: Այս հողերում դարեր ի վեր ապրել են տարբեր ազգեր և կրոններ ներկայացնող ժողովուրդներ, և նրանցից ոչ մեկն իրեն ճնշված և իրավունքները ոտնահարված չի զգացել: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ պետությունը պետք է 1915-1923թթ. իրադարձություններն ուսումնասիրի արդար մոտեցմամբ, պետք է քննադատի տեղաբնակ ժողովուրդների դեմ իրականացրած ջարդերն ու ապաշխարի միլիոնավոր անմեղ զոհերի համար: Կոչ ենք անում դատապարտել մարդկության դեմ գործված 20-րդ դարի առաջին ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրի անպատիժ մնալը հանգեցրեց Նացիստական Գերմանիայում հրեաների, ինչպես նաև այլ ազգերի դեմ նման ոճրագործությունների իրականացմանը: Սակայն գերմանական իշխանություններն իրենց մեջ համարձակություն գտան ընդունելու իրենց պետության կողմից իրականացված այդ ամոթալի պատմական իրադարձությունն ու գերմանացիների անունից ներողություն խնդրեցին այդ հանցանքի համար: Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում հաշտեցման և խաղաղության ապահովման համար կոչ ենք անում թուրքական իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

No comments: