Օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտնի բանաձևի վերաբերյալ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը իր կարծիքն է հայտնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը
Ակնհայտ է, որ սա այն նույն գործընթացի շարունակությունն է, որը Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է` փորձելով Մինսկի գործընթացին զուգահեռ գործընթացներ իրականացնելու միջոցով կանխել իր համար ոչ ձեռնտու զարգացումները և ազդելով գործընթացի վրա, իրեն ձեռնտու լուծումներ, առաջարկներ ձևավորել Մինսկի համանախագահների մոտ: Դա նրանց հաջողվում է իրականացնել այնպիսի ֆորումներում, որտեղ հարցի էության հետ կապված տեղեկացվածությունը ցածր է և դրանք հիմնականում խորհրդարանական ֆորումներում են, որովհետև պատգամավորների զգալի մասը նոր են ընտրվել և նոր մտնելով գործընթացի մեջ, տեղյակ չեն հարցի էությանն ու պատճառներին, ծագմանն ու ընթացքին: Սա առաջին դեպքը չէ: Այս ընթացը մեզ պետք է լրջորեն մտահոգի և դրա հետ կապված մենք պետք է կարողանանք լուրջ հակաքայլեր ձեռնարկել, որն այսօր, ցավոք, չի արվում: Ամբողջ պրոբլեմը հենց այստեղ է, որ պետք է ամենաբարձր` պաշտոնական մակարդակով ասվի, - կամ կա Մինսկի գործընթաց, որով պետք է զբաղվել և գործընթացը պահել այդ շրջանակների մեջ, կամ ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է կարգավորման գործընթացից: Այս քայլերի իմաստը` բանակցային գործընթացի ձախողումն է, ինչը Ադրբեջանը չի թաքցնում և իր արտահայտություններում ուղղակի դժգոհում է Մինսկի գործընթացից: Բնական է, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են այս խաղի մեջ և Ադրբեջանի կողքին, պետք է իմանան, որ պատասխանատվություն են կրում նաև գործընթացի հնարավոր տապալման համար: Եվրախորհրդարանի պատգամավոր Կիրիլովը, հայտնի է իր ադրբեջանամետ գործունեությամբ և պահվածքով: Նա մշտապես սպասարկել է ադրբեջանական շահերը: Ամենամեծ բացթողումը եղավ այն ժամանակ, երբ չկարողացանք կանխել նրա նշանակումը` որպես զեկուցող, որովհետև ակնհայտ էր, որ որքան էլ փորձենք փոխել այն սկզբնական տեքստը, որ պատրաստել էր պրն Կիրիլովը, միևնույն է, հնարավոր չէր լինելու վերացնել և չեզոքացնել բոլոր վտանգները: Ավելին` նրա օգնականը ծագումով ադրբեջանցի է և, բնականաբար զեկույցը պատրաստել է հենց ինքը: Այս ամենի մասին ես փորձեցի զգուշացնել և հատուկ նամակով դիմեցի Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբի ղեկավարին( խմբի անդամ է նաև պրն Կիրիլովը) , մտահոգությունները փոխանցեցի նաև իրեն` գրավոր, սակայն հնարավոր չեղավ կանխել և վերացնել բոլոր վտանգները: Ինչևիցե, փաստն արդեն կայացած է, և պետք է դրանից շատ լուրջ հետևություններ անել: Իսկ այն, ինչ-որ գրված է այդ զեկույցում, կապ չունի բանակցային գործընթացի հետ, որովհետև մինչև հիմա հրապարակված ոչ մի փաստաթուղթ կամ հայտարարություն, որ արվել են այդ գործընթացի շրջանակում, բացարձակապես աղերս չունեն այս զեկույցի և այս բանաձևի մեջ ընդունված հաստատումների հետ: Բնականաբար, չի կարելի մի կողմից նպաստել կարգավորմանը, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի այդ բանակցային գործընթացը հաջողության չհասնի: Մենք, իհարկե, պետք է պաշտոնական ամենաբարձր մակարդակով գնանք հակազդման: Այս ամենի մասին պետք է հստակ ասվի, դիվանագիտական ճանապարհով ակցիաներ արվեն` օգտագործվեն բոլոր միջոցները: Ի վերջո Եվրախորհրդարանը ազդեցիկ, հեղինակավոր կառույց է և նրա հայտարարություններն իրենց արձագանքը գտնելու են տարբեր այլ կառույցներում ևս: Եվ սա շղթայական ռեակցիայով կարող է անդրադառնալ մյուս ֆորումների վրա: Ուստի, պետք է սկզբից շատ հստակ հարցերը մատնանշվի, ասվի, որ բանաձևը գրվել է կողմնակալ զեկույցի հիման վրա, ադրբեջանական շահերը սպասարկող զեկուցողի կողմից և Եվրախորհրդարանը, փաստորեն, խորամուխ չլինելով այս գործընթացի մեջ, տուրք է տվել այս ընթացքին և ըստ էության այս բանաձևը ծառայում է ադրբեջանական քարոզչությանը:
Մյուս քայլը, որ ամենակարևորն եմ համարում, այն է , որ Մինսկի խումբը ինքը պետք է հստակ հայտարարի, որ նման քայլերը խոչընդոտում են գործընթացին և նման քայլերով ուղղակի մենք հետ ենք շպրտում այն, ինչ ձեռք է բերվել այս ընթացքում` սկսած 1992 թվականից, երբ ԵԱՀԿ զբաղվում է գործընթացով: Բնականաբար, որքան շատ են զբաղվում, այնքան խորքային պատկերացումներ են կազմում հարցի էության մասին, որը ձեռնտու չի ադրբեջանցիներին և բնական է, որ նրանք փորձում են հենց դա փոխել: Չափազանց կարևոր է, որ մենք ամենաբարձր մակարդակով կարողանանք Եվրախորհրդարանի հետ աշխատելով ուղղակի այս ամենը փոխանցել: Սա միայն պարզ հայտարարություններով չպիտի տեղի ունենա, այլ պետք է կազմել պատվիրակություն, գնալ-հանդիպել ամենակարևոր բարձրաստիճան ղեկավարների հետ, ներկայացնել հարցի ողջ էությունը` իր խորությամբ, դրա վտանգները և այլն: Մեկ-երկու հայտարարություններով հանդես գալը չի կարող համարվել բավարար: Սա նշանակում է, որ մենք քարոզչական գործունեության մեջ լրջորեն պետք է փոխենք մեր մարտավարությունը: Հստակ է, որ մենք տանուլ ենք տալիս այդ դաշտում: Օրեցօր մենք ստանում ենք հայտարարություններ, փաստաթղթեր, բանաձևեր, որոնք զուգահեռ Մինսկի խմբին ընդունվում են և որոնք ուղղակի առնչություն չունեն գործընթացի հետ բայց խոչընդոտում են կարգավորման ամբողջ պրոցեսը: Սա փաստելու հետ միասին պետք է լայն ճակատով բոլոր միջոցները ներդնենք այդ հակաքարոզչական ընթացքը կանխելու համար: Ադրբեջանի կողմից վարվող և իրերի իրական պատկերը ներկայացնել բոլոր այն ֆորումներում, որտեղ նման բանաձևեր ընդունվել են և դեռ պատրաստվում են ընդունվելու: Մենք գիտենք, որ այլ կառույցներում ևս նման ընթացք գոյություն ունի: Սա շատ լուրջ ահազանգ է և պետք է սրան ամենայն լրջությամբ վերաբերվել, համակարգված գործունեություն ծավալել` Հայաստան, Արցախ, Սփյուռք. մեր բոլոր կառույցները համակարգել այս գործընթացի դեմն առնելու համար:
Sunday, May 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment