Monday, May 24, 2010

ԻՆՉ Է ՄՏԱԾԵԼ ԵՎՐՈՊԱՆ

«Լրագիր» 24-5-2010- Ղարաբաղյան կարգավորման հարցով Եվրախորհրդարանի բանաձևում կան մի շարք հատկանշական կետեր: Առաջին հերթին, սա ԵԽ մտադրության հռչակումն է` ակտիվ ներագրավվելու Հարավային Կովկասի գործընթացներում, այդ թվում ղարաբաղյան հարցում: Փաստաթղթի համաձայն, ԵԽ-ն աջակցում է Եվրամիության գործադիր մարմնին` տարաժաշրջան ուղարկել բազմամարդ դիտորդական առաքելություն, որը պետք է նպաստի միջազգային խաղաղարար ուժերի ստեղծմանը: Երկրորդ, կա կետ “7 օկուպացված շրջաններից հայկական զորքերի դուրսբերման և փախստականների վերադարձի մասին”: Այսպիսով, բանաձևը կանխորոշում է մադրիդյան հինգ հիմնական սկզբունքներից չորսը, որոնք մինչ այժմ համաձայնեցված չեն: Ինչպես հայտնի է, մադրիդյան սկզբունքերով ենթադրվում է մի քանի շրջաններից զորքերի դուրս բերում, փախստականների վերադարձ, խաղաղապահների տեղակայում և Ղարաբաղի կարգավիճակի որոշում: Փաստորեն, ԵԽ-ն վրձնի մեկ հարվածով վճռում է Մինսկի խմբի բոլոր առաջադրանքները: Սրանից հետո, թե ինչի վերաբերյալ կբանակցեն Հայաստանը և Ադրբեջանը, անհասկանակալի է. չէ որ բոլոր վիճելի հարցրերը “լուծված են”: Չնայած հայ պատգամավորների հայտարարություններին այն մասին, որ բանաձևն օրենքի ուժ չունի և այն պատրաստել է “կանխակալ” պատգամավորը, ակնհայտ է, որ բանաձևի ընդունումը խոսում է ԵՄ ակտիվացման մտադրության մասին: Եվրասիայի և Եվրոպայի հարցերով եվրոպական փորձագետ Սիմոն Մանուկյանը նշում է. “Վաշինգտոնը և Բրյուսելը ծայրահեղ դժգոհ են, որ Մինսկի գործընթացում լուրջ դեր է խաղում Ռուսաստանը: ԱՄՆ-ն և ԵՄ-ն հրահրում են հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողությունների վերսկսումը: Դա Վաշինգտոնին և Բրյուսելին հիմք կտա Լեռնային Ղարաբաղ մտցնել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղարար զորքերի կոնտինգենտ, իսկ Թուրքիան կարող է հիմք ստանալ Նախիջևանում ռազմական բազա կառուցելու համար: Այդ դեպքում Ռուսաստանի իշխանությունները ստիպված կլինեն ռուսական զորքերը դուրս բերել հայկական տարածքից”: Որքանո՞վ են լուրջ ԵՄ մտադրությունները: Եթե դատենք Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկով, ԵՄ և հարավկովկասյան հանրապետությունների միջև ասոցատիվ անդամակցության վերաբերյալ բանակցությունների սկսման մասին համաձայնագրի կնքումով, պետք է խոստովանել, որ Եվրոպայի ակտիվությունը Հարավային Կովկասում իրապես մեծացել է: Դեռևս չի հայտարարվել, ինչպես է Եվրոպան պատկերացնում համագործակցությունը հարավոկվկասյան հանրապետությունների հետ: Արդյոք այն կլինի առանձին հանրապետությունների հետ, թե միասնական տարածքի հետ: Սակայն ակնհայտ է, որ Բրյուսելի համար ավելի հեշտ կլինի աշխատել կայուն, խաղաղ, բաց հաղորդակցությամբ Կովկասի հետ: Ահա թե ինչու, ԵՄ-ն իր ջանքերն ուղղում է հակամարտությունների “միջանկյալ” լուծմանը և բաց հաղորդակցության հաստատմանը: Բանաձևում չի խոսվում ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման մասին, այլ միջանկյալ միջոցառումներ մասին, որոնք կարող էին “բացել” տարածաշրջանը: Այս կապակցությամբ հետաքրքիր է Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Ղարաբաղում կատարած հայտարարությունը, երբ դիտորդ էր Ղարաբաղի խորհրդարանի ընտրություններին: Նա կարծում է, որ Ղարաբաղի ապագան Բենիլյուքսի մոդելում է: “Ղարաբաղի հարցը Եվրոպայի հարցն է: Այն կապված է Եվրոպայի հետ: Կարծում եմ, որ Ղարաբաղի ապագան Բենիլյուքսի նախադեպով ֆեդերացիայի մեջ է Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և հարավկովկասյան այս երեք երկրները պետք է մտնեն Եվրամիություն”, ասել է Միկլոշկոն: Կա եւս մեկ նրբերանգ. բանաձևը չի պահանջում նաև զորքերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից, այլ միայն շրջակա տարածքներից: Սա նշանակում է, որ Ղարաբաղի ինքնորոշումը ԼՂԻՄ սահմաններում չի վիճարկվում ԵՄ-ում, և վիճելի են մնում միայն նրա շուրջ գտնվող տարածքները: Բանակցային գործընթացի ամբողջ էությունը վերաբերում է շրջաններին և խաղաղապահների կազմին: Այս հարցն է, որ ԱՄՆ և Ռուսաստանը 16 տարի է չեն կարողանում լուծել: Այդտեղ հանկարծ հայտնվում է ԵՄ-ն, որը հայտարարում է տարածաշրջան խաղաղապահների ուղարկման անհրաժեշտության մասին: Երևում է, որ հենց այս կետն է, որ “դուր չի եկել” ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, որոնք չեն ողջունել բանաձևը և այն պարզապես չնկատելու են տվել: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: