«ԱԶԳ» , 22-05-2010- 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը թուրքական բանակի գեներալ Վեհիբ փաշային ստիպեցին խոստովանել. «Հայերն ապացուցեցին, որ իրենք աշխարհի լավագույն զինվորներն են»: Եղեռն տեսած, առաջին աշխարհամարտի սարսափները վերապրած, Արեւմտյան Հայաստանը կորցրած հայ ժողովուրդը ստիպված էր միայնակ պայքարել թուրքերի մի քանի անգամ մեծ զորքի դեմ: Մայիսի 22-28-ը հայ զինվորները աշխարհազորայինների աջակցությամբ կարողացան կասեցնել թուրքերի առաջխաղացումը: Թուրքերին այլ ելք չէր մնում, քան ընդունել պանթուրքիզմի տապալումը եւ ճանաչել Հայաստանի առաջին հանրապետությունը:
«Ղարաքիլիսայի, Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերից հետո հայ ժողովուրդը նվաճեց պետություն ունենալու իր իրավունքը: Չլինեին հերոսամարտերը, չէին լինի առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունները», «Հենարան» ակումբում երեկ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը :
Համաժողովրդական կամքով դիկտատոր հռչակված Արամ Մանուկյանը եւ նրա գլխավորած Հատուկ կոմիտեի անդամները կարողացան ոչ միայն ոգեւորել հուսալքված ժողովրդին, այլեւ նրանց մեջ արթնացնել մարտնչելու եւ պայքարելու ցանկությունը: Մինչ հաղթանակների գրանցումը մեծ էր դասալիքների եւ խռովարարների թիվը: «Առաջին հաղթանակից հետո կամավորները գալիս էին իրենց սնունդով եւ գնում կռվելու: Սա իսկապես համաժողովրդական պայքար էր: Հայերն արյունով գծեցին իրենց սահմանը, ի տարբերություն այսօր իրենց ադրբեջանցիներ հորջոջող կովկասյան թաթարների, որոնք սկուտեղի վրա ստացան անկախությունը», ասաց Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը :
Ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանը գիտականորեն կարողանում է բացատրել, թե ինչու հենց մայիս ամսին են բաժին ընկել մեր պատմության կարեւորագույն հաղթանակները, բայց եւ կարեւորում է զինվորի ոգեւորությունն ու բազկի զորությունը: «Սովորաբար, ելնելով մեր լեռնաշխարհի կլիմայական առանձնահատկությունից, զորքին հանգիստ էին տալիս աշնան վերջից եւ պատերազմական գործողությունները վերսկսում ապրիլի վերջին: Այնուամենայնիվ, մայիսյան հերոսամարտերին մենք կարողացանք ոչ միայն հաղթել, այլեւ ստիպել թշնամուն հարգել մեզ», ասաց Սուրեն Մարտիկյանը:
Ազգային արխիվում այսօր պահպանվում են հարյուրավոր փաստաթղթեր, որոնց շնորհիվ հնարավոր է դրվագ առ դրվագ վերականգնել պատմական հաղթանակների իրողությունները:
«1918 թվականին հնարավոր չէր ամբողջությամբ գիտակցել այդ հաղթանակների արժեքն ու նշանակությունը: Բայց տասնամյակների հեռավորությունից գնահատելու դեպքում պարզ է դառնում, որ դրանք իսկապես դարակազմիկ իրողություններ էին: Հայ ժողովուրդը կարողացավ ապացուցել եւ վերահաստատել պետություն ունենալու իր իրավունքը», նկատեց Բաբկեն Հարությունյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment