Wednesday, May 26, 2010

Սենատը պետք է հանգամանորեն քննարկի Բրայզայի թեկնածությունը' նախքան Բաքվում նրան որպես դեսպան հաստատելը

Անցյալ շաբաթ, երկարատև ձգձգումից հետո Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը. այս մասին EurasiaNet.org-ին հայտնել է ամերիկացի մի անանուն պաշտոնյա: «Կալիֆորնիա կուրիերը» հաստատել է Բրայզայի առաջադրման հավաստիությունը Վաշինգտոնի իր սեփական աղբյուրների միջոցով: Սպասվում է, որ Սպիտակ տունը շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Ուշագրավ է, որ անցյալ տարվա հուլիսից Ամերիկան դեսպան չուներ Ադրբեջանում: Երբ 2006 թվականին Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար Ջոն Էվանսը հետ կանչվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից, Բուշի վարչակազմը ճնշում գործադրեց Սենատի վրա՝ արագացնելու նրա փոխարինողի հաստատումը, պնդելով, թե Միացյալ Նահանգները դեսպանի խիստ անհրաժեշտություն ունի այդ երկրում: Զարմանալի է, սակայն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մեկամյա բացակայության ընթացքում Վաշինգտոնում նման հրատապության դրսևորում չնկատվեց: Նախագահ Ալիևն այս հապաղումը հավանաբար դիտարկում էր որպես արհամարհանք իր երկրի նկատմամբ: Մինչև 2009 թվականը Մեթյու Բրայզան աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ և Արցախի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ: Հետաքրքիր է, որ գործընկերները նրան կոչում էին ,Փոքրիկ ՊՕՏե («Baby DAS», պետքարտուղարի օգնականի տեղակալ), նրա պաշտոնի արագ բարձրացման համար, չնայած երիտասարդ տարիքին ու դիվանագիտական անփորձությանը: Բաքվում նրա նշանակման ուշացումը կարող է վերագրվել Բրայզայի նկատմամբ Ադրբեջանի մտահոգությանն ու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վերջին նախաձեռնությունների հանդեպ առկա դժգոհությանը: Սենատում առաջիկա հաստատման ժամանակ Բրայզային պետք է հարցաքննեն անցյալում նրա ծավալած գործունեության և Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև վերջին շրջանում գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ: Ահա մի շարք հարցադրումեր, որոնք Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կցանկանան պարզել Բրայզայի առաջադրման ընթացքում. • Ինչո՞ւ Ադրբեջանն այդքան երկար ժամանակ չէր տալիս իր համաձայնությունը Ձեր նշանակման վերաբերյալ: Ի՞նչ բողոքներ ուներ Ադրբեջանը Ձեր և տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմ: Ի՞նչ երաշխիքներ են տրվել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին' Ձեր նշանակմանը համաձայնություն տալուց առաջ նրա մտահոգությունները փարատելու համար: • Չնայած Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ձեր և Մինսկի խմբի համառ ջանքերին, Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս շատ հեռու են խաղաղության համաձայնագրից: Ի՞նչ խոչընդոտներ են մնացել այս հակամարտության լուծման համար: Հաշվի առնելով Ձեր ունեցած փորձն այս տարածաշրջանում, որպես ԱՄՆ դեսպան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, այլ ոչ թե' ռազմական ճանապարհով կարգավորմանը Ադրբեջանի համաձայնությունն ապահովելու համար: • Նախագահ Ալիևը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չվերացնի Հայաստանի շրջափակումը: Ինչպե՞ս եք պատրաստվում տարհամոզել Ադրբեջանին չխոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին: • Հաշվի առնելով ժողովրդավարական նորմերի բացակայությունը Ադրբեջանում, որը հայտնի է կեղծ ընտրություններով, մամուլի ազատության պակասով և ընդդիմադիր կուսակցությունների ու ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումների կիրառմամբ, ինչպե՞ս եք համոզելու Ադրբեջանի ղեկավարներին երկրում օրենքի գերակայություն հաստատել: • Ի՞նչ պատգամներ եք փոխանցել Վրաստանի ղեկավարությանը Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008 թվականի պատերազմից առաջ: Արդյո՞ք ճշմարտությանը համապատասխանում են այն զեկույցները, որոնց համաձայն Դուք վրացիներին իրազեկել եք Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում Միացյալ Նահանգների ռազմական միջամտության մասին: • Վստա՞հ եք, որ կարող եք Ձեր դիվանագիտական պարտականությունները հմտորեն ու անաչառ իրականացնել, հաշվի առնելով հայկական, ադրբեջանական և թուրքական հիմնախնդիրների առնչությամբ Ձեր կնոջ արտահայտած տեսակետները: [Բրայզան ամուսնացած է Թուրքիայում ծնված Զեյնո Բարանի հետ, որը Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում արտաքին քաղաքականության վերլուծաբան է: Նրանց հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել ճարտարապետների հայտնի Բալյան ընտանիքի նախկին տանը, Ստամբուլին մոտ գտնվող մի կղզում: Այդ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և թուրք, վրացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ]: • Դուք որև՞է դերակատարություն ունեցել եք դեսպան Ջոն Էվանսի հետկանչման և վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու գործում: Ի՞նչ եք կարծում, Դեսպանը պետք է ազատվեր պաշտոնից պարզապես Հայոց ցեղասպանություն տերմինն արտասանելու համար: Որո՞նք են Ձեր սեփական տեսակետները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, վայել է նախագահ Օբամային դրժել Հայոց ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստումը: • Պետքարտուղար Քլինտոնին հղված մի նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Ձեզ մեղադրել է «Հայաստանին առնչվող հարցերում» անաչառ չլինելու, «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանամետ կողմնակալություն» ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը ԱՄՆ մեղսակցությունըե խրախուսելու մեջ: Ի՞նչ երաշխիքներ կարող եք տալ ամերիկյան ժողովրդին, որ արդարորեն և անկողմնակալորեն իրականացնելու եք Ձեր դիվանագիտական պարտականություններն Ադրբեջանում, որպես Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչ: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները պետք է հանգամանորեն քննարկեն Բրայզայի առաջադրումը, վստալ լինելու համար, որ հաստատման դեպքում նա Բաքվում ներկայացնելու է Միացյալ Նահանգների շահերը և ոչ թե հակառակը, քանզի թե նա, թե նրա կինը' Զեյնո Բարանը մեծ կապեր ունեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: 2005 թվականին Սենատին ներկայացրած իր ելույթում, Բարանը դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության բանաձևին, իսկ նրա ամուսինը մի լրագրողի ասել է, որ Թուրքիան իր «երկրորդ տունն» է: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

No comments: