Monday, May 24, 2010

Սերժ Ավեդիքյանն արժանացավ «Ոսկե արմավենու»

Tert.am. 24-5-2010- Երեկ երեկոյան Ֆրանսիական Կանն քաղաքում հայտնի դարձան կինոաշխարհի թերևս ամենահեղինակավոր մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրների անունները։ «Ոսկե արմավենին» այս տարի բաժին հասավ թաիլանդցի ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլին՝ «Քեռի Բունմին, որը հիշում է իր նախկին կյանքերը» ֆիլմի համար։ Այս ֆիլմի մասին շատ էին գրում, սակայն ֆավորիտների ցանկում այն չկար։ «Գրան պրին», որը երկրորդ կարևոր մրցանակն է այս փառատոնում, շնորհվեց Կսավյե Բովուային «Մարդկանց և Աստվածների մասին» ֆիլմի համար։ Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակի արժանացավ Մաթյե Ամալրիկը իր «Շրջագայություն» ֆիլմով, իսկ դերասանուհի Ժուլիետ Բինոշը, որը նաև 63–րդ փառատոնի դեմքն էր, մրցանակի արժանացավ կնոջ լավագույն դերի համար իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Աբբաս Քյառոստամիի «Վավերացված պատճեն» ֆիլմի համար։ Լավագույն դերասան ճանաչվեց իսպանացի Խավիեր Բարդեմը՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի Biutiful ֆիլմում մարմնավորած դերի համար։ Այս տարի այս մրցանակին երկու դերասան արժանացան։ «Մեր կյանքը» ֆիլմում մարմնավորած գլխավոր դերի համար մրցանակ ստացավ իտալացի Էլիո Ջերմանոն։ Փոքր ոսկե արմավենին բաժին հասավ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանին՝ 15 րոպեանոց «Շան պատմություն» ֆիլմի համար։ Մրցանակը նրան հանձնեցին Ատոմ Էգոյանն ու Միշել Ռոդրիգեսը։ Անիմացիոն ֆիլմի իրադարձությունները զարգանում են Օսմանյան Թուրքիայում 1910թ., երբ կառավարությունը Կոնստանդուպոլսի 30 հազար փողոցային շներին բնաջնջելու նպատակով տեղափոխում է անմարդաբնակ կղզի։ Սա թեև ուղղակիորեն Ցեղասպանության մասին չէ, սակայն այդ իմաստով խորհրդանշական է։ Մրցանակն ընդունելիս հայազգի ռեժիսորն ասել է, որ ինքը ֆիլմեր է պատրաստում, որպեսզի իր պապիկի պատմությունը չմոռացվի և հասնի իր երեխանեերին, որոնք հայտնվել են Փարիզում։

No comments: