Մեկնաբանելով օրերս Եվրոխորհրդարանի կողմից ընդունված հայտնի բանաձեւը, որում հայերին կոչ է արվում հանել զորքը “օկուպացված տարածքներից”, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը ասել է.
Ակնհայտ է, որ սա այն նույն գործընթացի շարունակությունն է, որը Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է` փորձելով Մինսկի գործընթացին զուգահեռ գործընթացներ իրականացնելու միջոցով կանխել իր համար ոչ ձեռնտու զարգացումները եւ ազդելով գործընթացի վրա, իրեն ձեռնտու լուծումներ, առաջարկներ ձեւավորել Մինսկի համանախագահների մոտ: Դա նրանց հաջողվում է իրականացնել այնպիսի ֆորումներում, որտեղ հարցի էության հետ կապված տեղեկացվածությունը ցածր է, եւ դրանք հիմնականում խորհրդարանական ֆորումներում են, որովհետեւ պատգամավորների զգալի մասը նոր են ընտրվել եւ նոր մտնելով գործընթացի մեջ, տեղյակ չեն հարցի էությանն ու պատճառներին, ծագմանն ու ընթացքին: Սա առաջին դեպքը չէ: Այս ընթացը մեզ պետք է լրջորեն մտահոգի եւ դրա հետ կապված մենք պետք է կարողանանք լուրջ հակաքայլեր ձեռնարկել, որն այսօր ցավոք, չի արվում: Ամբողջ պրոբլեմը հենց այստեղ է, որ պետք է ամենաբարձր` պաշտոնական մակարդակով ասվի,- կամ կա Մինսկի գործընթաց, որով պետք է զբաղվել եւ գործընթացը պահել այդ շրջանակների մեջ, կամ ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է կարգավորման գործընթացից: Այս քայլերի իմաստը բանակցային գործընթացի ձախողումն է, ինչը Ադրբեջանը չի թաքցնում եւ իր արտահայտություններում ուղղակի դժգոհում է Մինսկի գործընթացից: Բնական է, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են այս խաղի մեջ եւ Ադրբեջանի կողքին, պետք է իմանան, որ պատասխանատվություն են կրում նաեւ գործընթացի հնարավոր տապալման համար:
Եվրախորհրդարանի պատգամավոր Կիրիլովը հայտնի է իր ադրբեջանամետ գործունեությամբ եւ պահվածքով: Նա մշտապես սպասարկել է ադրբեջանական շահերը: Ամենամեծ բացթողումը եղավ այն ժամանակ, երբ չկարողացանք կանխել նրա նշանակումը` որպես զեկուցող, որովհետեւ ակնհայտ էր, որ որքան էլ փորձենք փոխել այն սկզբնական տեքստը, որ պատրաստել էր պրն Կիրիլովը, միեւնույն է, հնարավոր չէր լինելու վերացնել եւ չեզոքացնել բոլոր վտանգները: Ավելին` նրա օգնականը ծագումով ադրբեջանցի է եւ, բնականաբար զեկույցը պատրաստել է հենց ինքը: Այս ամենի մասին ես փորձեցի զգուշացնել եւ հատուկ նամակով դիմեցի Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբի ղեկավարին, (խմբի անդամ է նաեւ պրն Կիրիլովը), մտահոգությունները փոխանցեցի նաեւ իրեն` գրավոր, սակայն հնարավոր չեղավ կանխել եւ վերացնել բոլոր վտանգները:
Ինչեւիցե, փաստն արդեն կայացած է, եւ պետք է դրանից շատ լուրջ հետեւություններ անել: Իսկ այն, ինչ-որ գրված է այդ զեկույցում, կապ չունի բանակցային գործընթացի հետ, որովհետեւ մինչեւ հիմա հրապարակված ոչ մի փաստաթուղթ կամ հայտարարություն, որ արվել են այդ գործընթացի շրջանակում, բացարձակապես առերեսում չունեն այս զեկույցի եւ այս բանաձեւի մեջ ընդունված հաստատումներին: Բնականաբար, չի կարելի մի կողմից նպաստել կարգավորմանը, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի այդ բանակցային գործընթացը հաջողության չհասնի: Մենք, իհարկե, պետք է պաշտոնական ամենաբարձր մակարդակով գնանք հակազդման: Այս ամենի մասին պետք է հստակ ասվի, դիվանագիտական ճանապարհով ակցիաներ արվեն` օգտագործվեն բոլոր միջոցները: Ի վերջո, Եվրախորհրդարանը ազդեցիկ, հեղինակավոր կառույց է եւ նրա հայտարարություններն իրենց արձագանքը գտնելու են տարբեր այլ կառույցներում եւս: Եվ սա շղթայական ռեակցիայով կարող է անդրադառնալ մյուս ֆորումների վրա: Ուստի, պետք է սկզբից շատ հստակ հարցերը մատնանշվի, ասվի, որ բանաձեւը գրվել է կողմնակալ զեկույցի հիման վրա, ադրբեջանական շահերը սպասարկող զեկուցողի կողմից եւ Եվրախորհրդարանը, փաստորեն, խորամուխ չլինելով այս գործընթացի մեջ, տուրք է տվել այս ընթացքին եւ ըստ էության այս բանաձեւը ծառայում է ադրբեջանական քարոզչությանը:
Մյուս քայլը, որ ամենակարեւորն եմ համարում, այն է, որ Մինսկի խումբը ինքը պետք է հստակ հայտարարի, որ նման քայլերը խոչընդոտում են գործընթացին եւ նման քայլերով ուղղակի մենք հետ ենք շպրտում այն, ինչ ձեռք է բերվել այս ընթացքում` սկսած 1992 թվականից, երբ ԵԱՀԿ զբաղվում է գործընթացով:Բնականաբար, որքան շատ են զբաղվում, այնքան խորքային պատկերացումներ են կազմում հարցի էության մասին, որը ձեռնտու չի ադրբեջանցիներին եւ բնական է որ նրանք փորձում են հենց դա փոխել: Չափազանց կարեւոր է, որ մենք ամենաբարձր մակարդակով կարողանանք Եվրախորհրդարանի հետ աշխատելով ուղղակի այս ամենը փոխանցել: Սա միայն պարզ հայտարարություններով չպիտի տեղի ունենա, այլ պետք է կազմել պատվիրակություն, գնալ հանդիպել ամենակարեւոր բարձրաստիճան ղեկավարների հետ, ներկայացնել հարցի ողջ էությունը` իր խորությամբ, դրա վտանգները եւ այլն: Մեկ երկու հայտարարություններով հանդես գալը չի կարող համարվել բավարար: Սա նշանակում է, որ մենք, քարոզչական գործունեության մեջ, լրջորեն պետք է փոխենք մեր մարտավարությունը:
Հստակ է, որ մենք տանուլ ենք տալիս այդ դաշտում: Օրեցօր մենք ստանում ենք հայտարարություններ, փաստաթղթեր, բանաձեւեր, որոնք զուգահեռ Մինսկի խմբին ընդունվում են եւ որոնք ուղղակի առնչություն չունեն գործընթացի հետ, բայց խոչընդոտում են կարգավորման ամբողջ պրոցեսը: Սա փաստելու հետ միասին պետք է լայն ճակատով բոլոր միջոցները ներդնենք այդ հակաքարոզչական ընթացքը կանխելու համար: Ադրբեջանի կողմից վարվող եւ իրերի իրական պատկերը ներկայացնել բոլոր այն ֆորումներում, որտեղ նման բանաձեւեր ընդունվել են եւ դեռ պատրաստվում են, ընդունվելու: Մենք գիտենք, որ այլ կառույցներում եւս նման ընթացք գոյություն ունի: Սա շատ լուրջ ահազանգ է եւ պետք է սրան ամենայն լրջությամբ վերաբերվել, համակարգված գործունեություն ծավալել` Հայաստան, Արցախ, Սփյուռք. մեր բոլոր կառույցները համակարգել, այս գործընթացի դեմն առնելու համար:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment