Friday, May 21, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԵՍ ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համարելով դրանք Ադրբեջանի միասնականության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ոտնահարման հերթական դրսեւորում «ԱԶԳ», 21-05-2010- Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Անցկացմանը հակաճառելու հարցում միմյանց հետ ձայնակցում են, այսպես կոչված, մեկ ազգի երկու պետությունները: Դրանցից կրտսերի հակաճառությունը, որքան էլ անտրամաբանական լինի, կարելի է բացատրել ղարաբաղյան հակամարտությունում կողմ լինելու հանգամանքով: Խոսքը ադրբեջանական պետության մասին է: Ինչ վերաբերում է Թուրքիային, նա էլ խորհրդարանական ընտրություններին հակաճառում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, ուստի ընտրությունների անցկացումն այնտեղ չի կարող օրինական լինել: Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ ապրիլի 18-ին «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» էլ անցկացվել էին նախագահական ընտրություններ: Ինքնակոչ այս հանրապետությանը չի ճանաչում նույնիսկ Ադրբեջանը: Այսինքն, նա նույնպես միջազգայնորեն ճանաչված չէ, սակայն ընտրությունների այնտեղ անցկացման պարագայում դրանք Թուրքիայի համար միանգամայն օրինական են դառնում: Դա կնշանակի նաեւ, որ 1974-ին թուրքական զինված ուժերը Կիպրոս են ներխուժել, հարգելով օրենքի տառը, ամենայն օրինականությամբ օկուպացվել է կղզու հյուսիսային հատվածն ու այնտեղ տեղակայվել 40 հազարանոց բանակ եւ Թուրքիայի քաղաքացիների հաշվին վերաբնակեցվել է օկուպացված հատվածը: Եթե այս ամենը, առավել եւս Կիպրոսի օկուպացված հատվածում, ինքնակոչ հանրապետության հռչակումը օրինական է, ապա ավելի քան օրինական պետք է համարել Թուրքիայում քրդական հարցի հանգեցումը ահաբեկչության հարցին, քրդական շուրջ 3500 գյուղերիՙ ռազմական ուղղաթիռներից կատարված հրթիռակոծության միջոցով դատարկումն ու քուրդ մտավորականների հետ քրդական շարժման ակտիվիստների տասնյակ հազարների հասնող «չբացահայտված» սպանությունները, որոնք պետականորեն ոչնչացման բնույթ են կրում: Պաշտոնաթող թուրք դեսպաններից մեկը մի առիթով Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս հրապարակավ հայտարարել էր. «Դիվանագիտական 40-ամյա գործունեությանս ընթացքում երբեւէ չեմ տեսել, որ գեթ մեկ հարցում էլ անարդարացի լինենք մենք, հոգնել եմ մշտապես արդարացի լինելուց»: Սակայն Լեռնային Ղարաբաղի ընտրություններին հակաճառելու պարագայում խնդիրը Թուրքիայի արդարացիությունը չէ, այլ ղարաբաղյան հակամարտությանը հակամարտող կողմի կարգավիճակով միջամտելու թուրքական պետության հավակնությունները: Դրանք նոր չեն, դրսեւորվել են դեռեւս ադրբեջանական հրոսակների Լեռնային Ղարաբաղ ներխուժման օրից: Պատերազմի հենց սկզբին «ազերի եղբայրներին օգնության ձեռք մեկնելու» կարգախոսով «գորշ գայլերը» զենքի էին կոչել «զգոն թուրքերին», եւ «Գերչեք» շաբաթաթերթի (14 հունիսի 1992) տվյալներով, մինչեւ 1992-ի հունիսը Նախիջեւանի եւ Ադրբեջանի տարածքում տեղակայվել էր շուրջ 3 հազար թուրք կամավորական: Այդ ընթացքում թուրքական կառավարությունը դեղորայքի եւ պարենամթերքի քողի տակ հասցրել էր ադրբեջանցիներին զենք եւ զինամթերք տրամադրել, այդ թվումՙ 5 հազար «Ստինգեր» տեսակի հրթիռներ, հրթիռային կայանք, ականներ եւ ականանետներ: Ավելին, 1993-ին Թուրքիան պաշտոնապես Ադրբեջանին 30 մլն դոլարի վարկ էր հատկացրելՙ զենք գնելու համար, թերեւս դրանով էլ դարձել էր ղարաբաղյան հակամարտության անմիջական մասնակիցը, որպեսզի հակամարտության գոտում փոխի ուժերի հավասարակշռությունը: 1992-ին ազատագրված Լեռնային Ղարաբաղի հռչակումը հանրապետություն ի չիք էր դարձրել Թուրքիայի նկրտումները: Խորհրդարանական ընտրություններին հակաճառելը եթե ոչ ուժերի հավասարակշռությունը փոխելու, ապա գոնե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտելու թուրքական մեկ այլ դրսեւորում է: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությանը, որը երեկվա համարում ներկայացրել է «Զամանը»: Թուրքական թերթը գրում է. «Թուրքիայի արտգործնախարարությունը խիստ ոճով քննադատեց մայիսի 23-ին Ղարաբաղում, այսպես կոչված, խորհրդարանական ընտրությունների անցկացումը»: Ինչ վերաբերում է նախարարությանը, ապա նա էլ, ըստ թերթի, հայտարարում է. «Տեղեկացել ենք, որ մայիսի 23-ին Ադրբեջանի հայաստանյան օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ շրջանում, անտեսելու գնով միջազգային իրավունքի նորմերը, միջազգային հանրության որոշումներն ու ակնկալիքները, նշանակվել են, այսպես կոչված, խորհրդարանական ընտրություններ: Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքին հակասող առկա իրավիճակի միակողմանիորեն օրինականացման նպատակ հետապնդող այս ընտրությունները ոչ այլ ինչ են, քան միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների եւ ԵԱՀԿ սկզբունքների ակնհայտ ոտնահարում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ համագործակցության, իսկ տարածաշրջանի երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտն է: Ուստի օկուպացված Լեռնային Ղարաբաղում «խորհրդարանական» ընտրությունների անցկացումն ակնհայտորեն բացասաբար է անդրադառնալու խաղաղ կարգավորման ջանքերին: Այդ իսկ պատճառով Թուրքիան դատապարտում է Ադրբեջանի քաղաքական միասնության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարման նոր դրսեւորում հանդիսացող ընտրությունները, դրանք համարում ապօրինի եւ հայտարարում է, որ չի ճանաչելու արդյունքները»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: