Wednesday, May 12, 2010

Դմիտրի Մեդվեդևը չորս ինքնաթիռով ժամանեց Թուրքիա

Tert.am. 12-5-2010- Երեկ երեկոյան երկօրյա այցով Սիրիայից Անկարա է ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Սա նրա առաջին այցն է Անկարա։ Մեդվեդևին և նրա կնոջը երեկ երեկոյան հյուրընկալել են Թուրքիայի նախագահն ու առաջին տիկինը։ Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ` այցի ընթացքում կողմերի միջև նախաստորագրվելու է էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսության, հեռահաղորդակության և մշակութային բնագավառներին վերաբերող մոտ 25 համաձայնագիր: Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում Մոսկվայի և Անկարայի միջև ստորագրվելու է նաև միջպետական խորհրդակցությունների համար նախատեսված Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի ձևավորման մասին համաձայնագիր: Խորհուրդը գործելու է Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համանախագահությամբ: Ստեղծվելիք կառույցի նպատակը ռուս-թուրքական հարաբերությունների գլխավոր ուղղությունների և ռազմավարության մշակումն է, կարևոր նախագծերի իրականացման համակարգումը, երկու երկրների գործարարների միջև կապերի հաստատումը: Բացի այդ, Մոսկվայի և Անկարայի միջև ստորագրվելու է համաձայնագիր՝ երկկողմանիորեն այցագրային ռեժիմը վերացնելու մասին: Նոր ռեժիմի մասին համաձայնագիրը շրջանառության մեջ մտնելուց հետո երկու երկրների քաղաքացիների համար 30-օրյա այցերի դեպքում մուտքի այցագիր չի պահանջվի: Նախատեսվում է նաև Թուրքիայի տարածքում ռուսական ընկերությունների կողմից ատոմակայանի կառուցման մասին համաձայնագրի ստորագրում: Դմիտրի Մեդվեդևը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ: Հանդիպումներին այլ հարցերի թվում քննարկվելու են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացը, ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես Իրաքին, Աֆղանստանին, Մերձավոր Արևելքին և Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը հատկապես գրավել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը, ի տարբերություն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատվիրակության, Անկարա է ժամանել չորս ինքնաթիռով: Ամերիկյան պատվիրակությունը Թուրքիա էր ժամանել երկու ինքնաթիռով: Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ` Անկարայում ՌԴ-ի առաջնորդի անվտանգությունն ապահովում են անվտանգության ծառայության աշխատակիցներ ու ոստիկաններ, ընդհանուր առմամբ՝ 2000 հոգի:

No comments: