Monday, May 24, 2010

ՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԽՐՈՆԻԿԱ

«Լրագիր» 24-52010- Եվրախորհրդարանի 2216 բանաձեւը Հայաստանում շատ կրքեր բորբոքեց, ինչը միանգամայն բնական էր, քանի որ բանաձեւի մեջ ուղղակի հայտարարվում էր, որ հայկական ուժերն օկուպացրել են Ադրբեջանի տարածքներն ու պետք է հետ վերադարձվեն դրանք, ինչպես նաեւ խոսվում է դրա դիմաց Ղարաբաղին ընդամենը միջանկյալ կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին: Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքը բավական բազմազան էր` սկսած Հայաստանի խորհրդարանի եւ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության կամ անգործության հետեւանք համարելուց, մինչեւ բանաձեւի մեջ նույնիսկ դրական տարրեր գտնելը: Օրինաց երկիրն ու Բարգավաճ Հայաստանն օրինակ հայտարարում էին, որ 2216 բանաձեւի մեջ կան դրական երանգներ` մեկն ասում էր, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունն են գնահատել, մյուսն ասում էր, որ առաջին անգամ միջազգային փաստաթղթում չի խոսվում տարածքային ամբողջության մասին: Պաշտոնական Երեւանից բանաձեւի կապակցությամբ արձագանքեց արտգործնախարար Նալբանդյանը` այն համարելով խառնաշփոթ բառակույտ եւ Եվրամիության դիրքորոշմանը հակասող, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ափսոսանքի նամակ գրեց Եվրախոհրդարանի նախագահին, հուսանք` այս անգամ առանց մոտ 5 տասնյակ ուղղագրական սխալների: Չի բացառվում, որ Հայաստանից էլի կլինեն այդօրինակ արձագանքներ` պաշտոնական կամ քաղաքական: Ահագին նախատինք հասավ նաեւ բանաձեւի հեղինակ Եվգենի Կիրիլովին: Բուլղարացի այդ պատգամավորին Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները մեղադրեցին ադրբեջանական լոբբինգի տակ լինելու համար: Միայն թե անհասկանալի է, իսկ ինչի համար պետք է մեղադրել նրա հեղինակած այդ բանաձեւին կողմ քվեարկած մյուս եվրախորհրդարանականներին: Անտեղյակության համար երեւի թե: Բայց, իսկ ով է պատասխանատու այն բանի համար, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները տեղեկացված լինեն Հայաստանին վերաբերող խնդիրների, մասնավորապես Ղարաբաղի հարցի կապակցությամբ: Հայաստանում պետական ո՞ր կառույցը, ո՞ր գերատեսչությունը միջազգային ո՞ր կազմակերպության տեղեկացվածության համար է պատասխանատու: Իսկ այդ ուղղությամբ ի՞նչ են անում Սփյուռքի հայկական կազմակերպությունները, այսպես ասած Հայ Դատի գրասենյակները, ավանդական կուսակցությունների տարատեսակ օրգանները: Ինչպես է նրանց ռեսուրսն օգտագործում Հայաստանի իշխանությունը: Թե այդ ռեսուրսը պետք է միայն Հայաստան փող բերելու կամ էլ դրսում ցեղասպանության հարցի հետ կապված տեղեկատվական աշխատանք կատարելու համար: Այդ առումով, թերեւս ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ է գրված 2216 բանաձեւի մեջ: Ի վերջո, դա առաջինը չէ, վերջինն էլ թերեւս չի լինելու: Խնդիրն այն է, թե այդօրինակ փաստաթղթի հանդեպ ինչ արձագանք է ձեւավորվում Հայաստանում, ինչպես է այդպիսի փաստերին վերաբերում Հայաստանը թե քաղաքական դաշտի, թե իշխանության մակարդակներում: Այդ տեսանկյունից, թե մեկ, թե մյուս տեղում նկատելի է որոշակի անհամարժեքություն: Օրինակ, Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարում է, թե իրենք զգուշացնում էին, որ հայ-թուրքական գործընթացը հանգեցնելու էր հենց այդպիսի իրողությունների: Ինչ կապ ունի այստեղ հայ-թուրքական գործընթացը: 2005 թվականին էլ հայ-թուրքական գործընթաց հո չկար, որ ԵԽԽՎ-ն ընդունեց Ատկինսոնի հայտնի բանաձեւը, որն իրականում եթե ոչ ավելի, ապա առնվազն պակաս խայտառակ չէր, քան այսպես ասած Կիրիլովի բանաձեւը: Միթե հնարավոր չէ մի անգամ գոնե զերծ մնալ ավելորդ ցուցադրականությունից եւ հարցի մասին խոսել ըստ էության: Կամ, Ժառանգությունը հայտարարում է, թե բանաձեւի շարժառիթներից է, որ Եվրամիությունն անհանգստանում է իր էներգետիկ խողովակաշարերի անվտանգության համար եւ եթե այդպիսի հարց կա, ապա հայ ժողովուրդն առաջին հերթին սեփական անվտանգության համար պետք է մտածի, ոչ թե Եվրամիության խողովակաշարերի, եւ այդպիսով պետք է չենթարկվի տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու կոչին: Ինչ է ստացվում այդ տեսակետի դեպքում: Ստացվում է, որ փաստացի արդարացվում է բանաձեւի մեջ արտահայտված մոտեցումը, որ այո, դուք իրավացի եք, հարգելի եվրոպացիներ, երբ մտածում եք, որ եթե տարածքները հայերի վերահսկողության տակ են, ուրեմն դա սպառնալիք է ձեր խողովակաշարերի անվտանգությանը. պարզապես քանի որ մենք էլ մեր անվտանգությունն ունենք, ապա գերադասում ենք մտածել մեր, ոչ թե ձեր խողովակների անվտանգության մասին; Մինչդեռ, այդ երկու իրողություններն ամենեւին էլ կարիք չկա “հերոսաբար” հակադրել իրար: Ավելին, պետք է ընդամենը հայտարարել, որ հայկական զինուժն այդ տարածքներում ի զորու է երաշխավորել ցանկացած խողովակաշարի անվտանգություն, ցանկացած էներգետիկ ենթակառուցվածքների անխափան աշխատանք, եւ հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող գոտում դրանց համար մտահոգվելու որեւէ կարիք չկա: Իսկ իշխանության արձագանքը Եվրախորհրդարանի բանաձեւին, ընդհանրապես, արժանի է ծիծաղի: Մեղադրել եվրախորհրդարանի պատգամավորներին ադրբեջանական ազդեցության տակ գտնվելու կամ անտեղյակության համար, ուղղակի զավեշտալի է: Այդ դեպքում գուցե ընդհանրապես պետք է հայտարարել միջազգային այդ կառույցների հետ հարաբերությունը խզելու մասին, մինչեւ որ նրանք դուրս չգան ադրբեջանական լոբբինգի տակից: Անշուշտ, կասկածից վեր է, որ կան միջազգային կառույցների շատ ներկայացուցիչներ, որոնք իսկապես գտնվում են ադրբեջանական կամ թրքական ազդեցության տակ, բայց մտածել, որ ադրբեջանցիներն ու թուրքերը կարող են գնել միջազգային ամբողջական կառույցներ, այնպիսիք, ինչպիսին ասենք ՄԱԿ, ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, ԵԱՀԿ, ուղղակի տգիտություն է: Այդ կառույցների պաշտոնական դիրքորոշումները պայմանավորվում են աշխարհաքաղաքական իրավիճակով եւ այդ իրավիճակում պետության ունեցած կշռով: Հետեւաբար, ինչ կշիռ որ ունենում է պետությունը, դրան էլ համարժեք բանաձեւեր կամ այլ վերաբերմունք է ստանում այդ կառույցներից: Իսկ պետության կշիռը ձեւավորվում է պետական կառույցների, ընդ որոում թե ներքին, թե արտաքին հարցերի համար պատասխանատու կառույցների աշխատանքի արդյունքում, եւ արտացոլվում է թե տվյալ պետության հանդեպ թե իր իսկ քաղաքացիների, թե միջազգային կառույցների վերաբերմունքի տեսքով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: