Wednesday, May 19, 2010

Ամռանը կամ աշնանը Սերժ Սմեսոֆը Մինսկի խմբի համանախագա՞հ կդառնա

Tert.am. 19-5-2010- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեին։ Ինչպես հայտնում է REGNUM-ը, չնայած Ֆրանսիայի դեսպանատնից հերքել են այդ լուրերը, այնուամենայնիվ, հավաստի աղբյուրների վկայությամբ՝ Սմեսոֆը պատրաստվում է միջնորդական առաքելությանը։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին հավելյալ ազդակ հաղորդելու համար հարկավոր էր ամբողջությամբ փոխել կամ հակամարտության կողմերի բանակցողներին, կամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին։ Երկրորդն իրագործելը շատ ավելի հեշտ է, այդ պատճառով էլ տեղի ունեցավ միանգամից երկու՝ ամերիկացի և ռուս միջնորդների փոփոխություն։ Նոր համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովն արդեն ծանոթացել են հակամարտող կողմերի նախագահների և ԱԳՆ ղեկավարների հետ, ժամանակն է փոխարինել նաև վերջին երկարակյացին՝ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեին»,- բացատրել է աղբյուրը։ Ըստ նրա՝ Սերժ Սմեսոֆը բավական հարմար թեկնածու է, քանի որ ծանոթ է բանակցային գործընթացի պատմությանը, հակամարտության էությանը և տիրապետում է ռուսերենին։ Աղբյուրը նշում է, որ Սմեսոֆի առաքելությունը Հայաստանում ավարտվում է, և հավանական է, որ նրա նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում տեղի կունենա այս տարվա աշնանը, գուցե և ավելի շուտ՝ ամռանը։ Նա հավելել է, որ վերջնական որոշում այս առնչությամբ, այնուամենայնիվ, դեռ չի կայացվել։

No comments: