Որն է եկեղեցու դերը հասարակության կյանքում և երբ է կարելի եկեղեցուն անվանել «ազգային»: Կարծես թե այս հարցը պարզաբանվում է սահմանադրությամբ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Իսկ որ՞ն է ազգային ինքնության, մշակույթի հիմքը: Կարծես թե լեզուն է: Էջմիածնի միաբանները, ի տարբերություն ավետարանական հավատքի եկեղեցիների, անտարբեր են լեզվի մասին օրենքում փոփոխությունների նկատմամբ: Անտարբեր են նաև մշակութային և հանրային տարածքների ոչնչացման նկատմամբ: Գուցե միաբանները մտահոգված են Հայաստանի քաղաքացիների ոստիկանությունում կատարվող խոշտանգումներով, արդարության բացակայությամբ, իրավունքների խախտմամբ, հայրենի բնության խնդիրներով... Գուցե և այդպես է, սակայն դրանց մասին միաբանները հրապարակայնորեն չեն արտահայտվում, իսկ թե ինչ կարծիքներ են նրանք հայտնում իշխանության միջանցքներում, չենք կարող իմանալ:
Ասում են, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հոգևորականները հայ երիտասարդների տարիքը փոքրացնում էին իրենց կողմից տրվող փաստաթղթերում, բանակից ազատելու համար: Դա իրոք ազգային բացառիկ առաքելության դրսևորում էր: Սակայն իհարկե ոչ բոլորին էր հնարավոր լինում ազատել բանակից, իսկ թե ինչպիսի չափորոշիչներ էին գործում բանակից ազատվողների ընտրության ժամանակ, պատմական աղբյուրները լռում են: Գուցե այսօր նույնպես արժե գործող օրենքներում փոփոխություն կատարել և եկեղեցուն վերադարձնել կնունքներին համատեղ «ծննդական» տալու գործառույթը: Գոնե այդ ժամանակ եկեղեցին հնարավորություն կստանա իրագործելու «ազգային բացառիկ առաքելությունը»:
Հերմինե Աբրահամյան
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment