Մեկն առանց տարածաշրջան այցելելու զեկույց է գրում, մյուսն էլ «բացարձակ սուտ» է տարածում
«ԱԶԳ» , 22-05-2010- «Եվրոմիության Հարավային Կովկասի առնչությամբ զեկույցի Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ոչ մադրիդյան սկզբունքներին, ոչ Ակվիլայի հայտարարությանը, ոչ Մոսկվայի հռչակագրին, որոնց մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ», երեկ Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի հետ համատեղ ասուլիսում նախօրեին Եվրոխորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձեւում տեղ գտած որոշ դրույթներ այսպես մեկնաբանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :
«Ազգը» երեկ տեղեկացրել էր մանրամասներ Եվրոխորհրդարանում քննարկված այդ զեկույցից, ընդգծելով, որ այնտեղ նշվում է «հայկական ուժերի անհապաղ դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
«Ակնհայտ խառնաշփոթ է ձեւակերպումների եւ, կարծեմ, պատճառներից մեկն այն է, որ զեկույց գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում այս զեկույցը գրելիս եւ չի խորհրդակցել անգամ Եվրոմիության անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, եւ դրա պատճառով է, որ այս որոշ դրույթները հակասում են նաեւ Եվրոմիության դիրքորոշմանը, որ բազմիցս արտահայտվել է: Եվրոմիության դիրքորոշումը արտահայտվեց 2009 թ. դեկտեմբերին Աթենքում բավականին ընդարձակ հայտարարությամբ, եւ այդ դիրքորոշումը լիովին համահունչ է Հայաստանի տեսակետներին», ասաց Նալբանդյանը:
«Ազգը» տեղեկացրել էր, որ զեկույցի հեղինակը բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովն է: «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված եւ միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը: Կողմերին նաեւ կոչ ենք անում զերծ մնալ 1994 թվականին հաստատված հրադադարի խախտումներից», նշված է Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւում:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով են ճշմարտացի հայ-թուրքական հաշտեցման նոր ճանապարհային քարտեզի մասին հայտարարությունները, ապա Նալբանդյանը կտրուկ ու կարճ նշեց. «Դա բացարձակ սուտ է, իսկ ստերը չեն պահանջում որեւէ մեկնաբանություն»:
Նշենք, որ խոսքը Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլօղլուի մասին է, որը Վաշինգտոնում հայտարարել էր, թե Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միառժամանակ լռություն պահպանել, քանի որ բանակցությունների սեղանին հայտնվել է քննարկման ենթակա նոր նյութ: «Չեմ մանրամասնի, բայց սեղանին հրաշալի մի առաջարկ կա եւ դա ընդունել-չընդունելու հարցը հայերից է կախված», ասել էր Քընըքլօղլուն ԱՄՆ-ի Մերձավոր Արեւելք ինստիտուտում կազմակերպված «Թուրքիայի դրացիական քաղաքականությունը եւ Մերձավոր Արեւելքը» խորագրով համաժողովում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment