Wednesday, May 12, 2010

ՀԱՐԳԵՔ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1992 թվականից ի վեր, Ղարաբաղի հարցով ընդունված միջազգային բոլոր փաստաթղթերում Հայաստանը լռելյայն համաձայնել է Ղարաբաղը Ադրբեջանի հանրապետության մաս դիտարկող ձեւակերպումներին: Այդ կարծիքը մայիսի 12-ին, Ղարաբաղի պատերազմի հրադադարի 16-րդ տարվա կապակցությամբ տված մամուլի ասուլիսում հայտնել է Ժառանգություն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: “Սա կարող է լինել քաղաքական իմաստուն քայլ, կամ ես կարող եմ քննադատել ինչպես կոպիտ սխալ, բայց դա փաստ է: Եվ փաստորեն դրանից հետո ինչ փաստաթուղթ ընդունվել է, միշտ Լեռնային Ղարաբաղը նշվել է որպես Ադրբեջանի հանրապատությունում գտնվող` ուզում է դա լինի չճանաչված միավոր, ուզում է լինի ըմբոստ մի տարածք, կամ այլ բան, բայց նա միշտ համարվել է այդպիսին: Եվ ցավոք սրտի, անգամ Բիշքեկի արձանագրությունների մեջ”, ասում է Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է նաեւ այն հանգամանքը, որ հրադադարից անց կատարված քայլերը չեն նպաստել ռազմական հաղթանակների դիվանագիտական եւ քաղաքական ամրապնդմանը: Այդ առումով, Լարիսա Ալավերդյանն անթույլատրելի է համարում, երբ Հայաստանի իշխանությունը խոսում է ազատագրված տարածքներից, ընդ որում դրանք համարելով անվտանգության գոտի: “Այն տարածքները, որոնք այսօր պատկանում են Լեռնային Ղարաբաղի հանրապետությանն ըստ իր Սահմանադրության եւ օրենքների, այսօրվա օրով պետք է համարել հաստատված եւ պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ դիվանագիտական եւ քաղաքական դաշտերում մենք ունենանք նույն հաջողությունները, որոնք մենք արձանագրել ենք 1992-1994 թվականներին”, ասում է Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է նաեւ, թե պատերազմի հավանականություն այժմ չկա եւ չկա նաեւ Ղարաբաղի բանակցային գործընթացի հանգուցալուծման հավանականություն, քանի դեռ բանակցային գործընթացի հիմքերն այն են, ինչ կա այժմ:

No comments: