Monday, May 24, 2010

Միացյալ Նահանգներում մահացել է «Էրգենեքոնի» պարագլուխներից մեկը

Թուրքական ծայրահեղական «Էրգենեքոն» կազմակերպության պարագլուխներից Էրհան Գյոքսելի անշունչ մարմինը գտնվել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում, հայտնում է Radikal-ը: Ըստ տեղեկությունների` մահվան պատճառ է եղել սրտի աշխատանքի դադարը: Գյոքսելն արդեն մի քանի տարի էր, ինչ բնակվում էր Միացյալ Նահանգներում: Թուրքիայում խոսում էին, որ վերջինս շարունակում էր մնալ «Էրգենեքոնի» առաջնորդներից մեկը, և իրական ու վտանգավոր ուժ էր ներկայացնում: Նշենք, որ Գյոքսելը համարվում էր մի շարք թուրք քաղաքական գործիչների խորհրդատուն: Վերջիններիս թվում էին Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելն ու «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը: Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Էրգենեքոնը» քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա մի կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը: Կազմակերպության մասին տվյալները հայտնի են դարձել դեռևս 1996 թվականից, սակայն նրա դեմ դատական գործը սկսվել է 2007 թվականին և շարունակվում է մինչ օրս: Կազմակերպության անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև հեղափոխության նախապատրաստության մեջ: Նշվում է, որ «Էրգենեքոնն» իր մասնակցությունն ունի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ: «Էրգենեքոնի» անդամների մեծամասնությունը ներկայացնում են Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը:

No comments: