Saturday, May 22, 2010

Փորձագետ. Ադրբեջանի բանակում կա հոգեբանական լուրջ խնդիր… Պատերազմում նախ և առաջ հաղթում են հոգեբանորեն

Panorama.am. 21-5-2010- «Ադրբեջանցի փորձագետները, ովքեր խոսում են ռազմական գործողությունների արդյունքում բուն հայկական ու բուն ղարաբաղյան հողերի վերադարձի մասին, պետք է հաշվի առնեն, որ պատերազմում հաղթում են ոչ թե ռազմատենչ հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ Ալեն Ղևոնդյանը` խոսելով Ադրբեջանի կողմից պարեբարաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների մասին: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող այն հայտարարություններին, թե իրենց ռազմական բյուջեն մի քանի անգամ ավել է Հայաստանի ռազմական բյուջեից, նա ասաց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, զինամթերք ձեռք է բերում արտադրող երկրների ներքին գներով, իսկ Ադրբեջանը` բավական թանկ, ինչի արդյունքում էլ հավասարակշռություն է ապահովվում: Ա. Ղևոնդյանի խոսքով, այսօր Ադրբեջանի բանակում կա հոգեբանական լուրջ խնդիր, իսկ պատերազմում նախ և առաջ հաղթում են հոգեբանորեն, հետո նոր` ֆիզիկապես: «Ադրբեջանական բանակում վերջին մի քանի տարիների ընթացքում, չնայած հրադադարի ռեժիմի, մի քանի հազար զինվոր է մահացել: Դա նշանակում է, որ տվյալ երկրի բանակում էական, լուրջ խնդիր կա»,- ասաց փորձագետը: Բացի այդ, նա նշեց, որ գերտերությունները չեն թողնի, որ տարածաշրջանում առկա հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով: «Նման ռազմատենչ հայտարարություններով նրանք լուծում են ներքին լեգիտիմության խնդիր. Ադրբեջանի ներսում առկա են մի շարք լուրջ դժգոհություններ»,- ասաց նա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե իբր պատմություն են վերաշարադրում, փորձագետն ասած, որ կարող է ներկայացնել տասնյակ ծրագրեր, որոնց համաձայն Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ֆինանսավորում է նոր պատմություն կերտող ինստիտուտներին:

No comments: