Saturday, May 22, 2010

Արգենտինայի ԱԳ ղեկավարը ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին

Haynews.am. 21-5-2010- Մայիսի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին հարաբերությունների, առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-արգենտինական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում, դա է վկայում նախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց իր արգենտինացի գործընկերոջը Արգենտինայի անկախության 200-ամյակի, ինչպես նաեւ Երեւանում դեսպանության բացման կապակցությամբ` նշելով, որ Հայաստանը եւս իր առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացել է Արգենտինայում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց արգենտինահայ համայնքի դերակարատությունը երկկողմ հարաբերությունների ձեւավորման գործում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Խորխե Տայանայի առաջին այցը Հայաստան եւս նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների արտաքին գերատեսչությունների գործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ընդարձակմանը: Նախարար Տայանան իր հերթին նշեց, որ Արգենտինան մեծապես կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդական համագործակցության զարգացումը, ինչի վկայությունն է Հարավային Կովկասի տարածաշրջանում Արգենտինայի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում: Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան քննարկեցին երկկողմ օրակարգում ընդգրկված հարցեր` նշելով, որ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք է բազմաթիվ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանման, մշակութային համագործակցության ակտիվացման ուղիների, տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Նախարարներն արձանագրեցին, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Արգենտինայի համագործակցությունը եւս բավական արդյունավետ է եւ հիմնված փոխադարձ աջակցության վրա: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ լատինաամերիկյան տարածաշրջանի խնդիրներին, Հայաստանի հարաբերություններին հարեւան երկրների հետ: Հանդիպմանը հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի ու Խորխե Տայանայի համատեղ մամուլի ասուլիսը: Խորխե Տայանան Արգենտինայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում: Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:

No comments: