Friday, May 21, 2010

ԱՆԴՐԿԱՐՊԱՏՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 21-05-2010- Ուկրաինական Անդրկարպատների վարչական կենտրոն, ինչպես նաեւ Անդրկարպատյան Ռուսիայի պատմական կենտրոն Ուժգորոդ քաղաքի շրջանային խորհուրդը, քննարկելով Անդրկարպատներում գործող հայկական մշակութային «Արարատ» միության հորդորը, մայիսի 14-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` «իրականացված 1915-ին Օսմանյան կայսրությունում»: Սա արդեն հինգերորդ ուկրաինական շրջանն է, որը ճանաչում է Ցեղասպանությունը: Անցած 6 ամիսների ընթացքում նման որոշումներ կայացրել են Կիեւի Գոլոսեւյան շրջանը, Իզյումի քաղաքային խորհուրդը (Խարկովի շրջան), Չերկեսկի քաղաքային խորհուրդը, ինչպես նաեւ Կիեւի քաղաքային խորհուրդը, իսկ 2005-ին Ղրիմի ռադան որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել «Հայերի ցեղասպանության օր»: Այս տարվա ապրիլի 23-ին Կիեւում, Ուկրաինայի հայերի ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր սեղան` «Հայերի ցեղասպանությունը, առանց մոռացության իրավունքի» թեմայով: Քննարկումների մասնակիցները` այդ թվում ճանաչված ուկրաինացի քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կոչով դիմեցին երկրի նախագահին,Գերագույն ռադային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

No comments: