Wednesday, May 26, 2010

ՄԻՊ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԼԱՎ ԳԻՏԵՆ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

«ԱԶԳ», 26-05-2010- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը երեկ Հայաստանում խաղաղ հանրահավաքների իրավունքի վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցում նշեց, որ խաղաղ հանրահավաքների առումով խախտված են օրենքի եւ իրավակիրառական պրակտիկայի կարեւորագույն 6 սկզբունքները` հօգուտ խաղաղ հավաքների անցկացման կանխավարկածը, խաղաղ հավաքները պաշտպանելու պետության պարտականությունը, օրինականությունը, համաչափությունը, լավ վարչարարությունը եւ խտրականության բացառումը: ՄԻՊ-ը նշում է, որ սկզբունքների խախտումը վկայում է, որ խաղաղ հավաքների իրավունքը չի գիտակցվում որպես երկրում մի շարք հիմնախնդիրներ լուծելու միջոց: «Օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 6 հիմնարար սկզբունքներն ամբողջությամբ կամ մասնակի խախտված են: Այսինքնՙ դրանք կարող են խախտված լինել մի դեպքում օրենսդրության ոչ պատշաճ մակարդակով վերլուծության, մյուս դեպքումՙ դրա հետ կապ չունեցող իրավակիրառական պրակտիկայի հետ»: Հարությունյանն ասաց, որ իրավակիրառական պրակտիկայի խախտումները երկրի ոչ ժողովրդավարության հետեւանք են: «Իշխանությունները շատ դեպքերում ժողովրդավարական սկզբունքների հիման վրա մոտեցում չեն ցուցաբերում»: Նա չմանրամասնեց իրավակիրառական պրակտիկայի խախտումների բուն պատճառները, որոնք հնարավորություն կտային զեկույցին ծանոթացող միջազգային կառույցներին լիարժեք պատկերացում կազմելու Հայաստանի իրավիճակի մասին: Այս կապակցությամբ ՄԻՊ-ն ասաց, որ միջազգային կառույցները լավ գիտեն, թե այստեղ ինչ է կատարվում: «Զեկույցն էլ քաղաքական չէ, որ գրենք` ժողովրդական չեն եւ այլն: Զեկույցում հստակ կարմիր գծով գնում է, որ իրավակիրառական պրակտիկայի խախտումներն ու շեղումները միայն օրենքի բացերով չեն պայմանավորված: Դա կա, բայց իրավաբանական լեզվով, ոչ թե քաղաքական», ասաց նա` հավելելով, որ ՄԻՊ-ը քաղաքական պաշտոն չէ: Թեպետ տարվա մեջ մի քանի անգամ հերթական ու արտահարեթ բազմաթիվ զեկույցներ են հրապարակվում, սակայն միշտ չէ, որ դրանք արժանանում են պատասխանատուների ուշադրությանը: Դա է պատճառը, որ արտահերթ զեկույցի հիման վրա քննարկման կառաջադրեն նաեւ օրենքի նախագիծ:

No comments: