Saturday, May 22, 2010

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Բաքվի՞ց է թելադրվում

Panorama.am. 22-5-2010- «Կարելի է ասել, որ Թուրքիան Կովկասի նկատմամբ քաղաքականությունը զարգացրեց կամ իրականացրեց Ադրբեջանի ճնշման ներքո, քանի որ այդ երկիրը Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մասն է կազմում»-, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր ունի Ադրբեջանը Թուրքիայի քաղաքականության մեջ, Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Կովկաս-2009» կոնֆերանսում Թուրքիայի ներկայացուցիչ Միտատ Չելիկպալան: Նա նշեց, որ կան գործոններ, որոնք որոշակիորեն բարդացնում են իրավիճակը, մասնավորապես` այն բանից հետո, երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսեց: Չելիկպալայի խոսքերով, բանն այն է, որ մինչ գործընթացի սկիզբը, Թուրքիայում որևէ հետազոտություն չէր անցկացվել, որը պետք է ժողովրդին նախապատրաստեր այդ գործընթացին: Նրա կարծիքով, հենց այդ անպատրաստ վիճակն էր, որ դժվարացրեց խնդրի ընթացքն այն պատճառով, որ հասարակությունը, քաղաքական գործիչներն ու ընդդիմությունը աջակցում էին Ադրբեջանին: Չելիկպալան նշեց, որ դա է պատճառը, որ Թուրքիան սպասարկում է Ադրբեջանի շահերը: Նրա խոսքերով, նույնը վերաբերում է նաև Թուրքիայի վարչապետին, «որին եթե 2009 թվականի սկզբին հարցնեին, թե ուրտե՞ղ է գտնվում Ղարաբաղը, նա չէր կարող այն քարտեզի վրա ցույց տալ»: Կոնֆերանսի թուրք մասնակիցն ավելացրեց, որ Թուրքիայի հասարակական կարծիքի համաձայն՝ Ադրբեջանի կորուստն անթույլատրելի է, քանի որ առանց նրան, Թուրքիան դեպի Միջին Ասիա չի կարող շարժվել: Սակայն նա հատուկ ընդգծեց, որ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով թուրքական այդ դիրքորոշումը փոքր-ինչ մեղմվեց և շատերին ստիպեց մտածել՝ արժե՞ արդյոք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը թողնել Ադրբեջանի հսկողության ներքո, չէ՞ որ քաղաքականությունը փոխվում է:

No comments: