7or.am. 22-5-2010- -Արդեն կողմնորոշվել եմ, թե ում եմ ձայնս տալու, բայց ընտրությունները ցույց կտան, թե ով կստանա առավելագույն ձայները,- «7օր»-ին ասել է ԼՂՀ քաղաքացի Պետրոսյան Մարիետան։ Նրա կարիքով, պայքարն ընթանալու է հիմնականում երեք կուսակցությունների միջև՝ Ազատ Հայրենիք, Արցախի ժողովրդական և Հայ Հեղափոխական Դաշնակցության։ Կոմունիստական կուսակցությունը Մարիետա Պետրոսյանը լուրջ չի ընդունում, քանի որ այն ժողովրդի անցյալն է.
-Մեզ համար, հայ ժողովրդի պատմության համար նրանք մեր ազգի շահերն այնպես չեն պաշտպանել, ինչպես պետք էր։
Նրա խոսքերով, նախընտրական շրջանում լարվածություն չկար ու թերևս առաջին անգամ է, որ շատ քաղաքակիրթ ձևով է ընթանում. «Ոչ ոք, ոչ ոքի չի ստիպում։ Բոլոր թեկնածուները մի նախադասություն են ասում՝ գնացե՛ք ընտրության և ում ուզում եք ընտրեք, եթե չեք ուզում ընտրել, ջնջեք անունը, բայց գնացե՛ք։ Ամեն ինչ ընթանում է շատ խաղաղ, շատ հանգիստ, առանց զրպարտության»։
Նա նշել է որ սա առաջին քայլերն են դեպի արդար ընտրություններ և քսան տարին ընդամենը մեկ ակնթարթ է և ինքը շատ հեռու է այն մտքից. որ ԼՂՀ-ում իրավական պետություն է ձևավորվել. «Ցանկությունը կա, դա էլ քիչ չէ։ Դրա համար երկրները դարեր են անցել, մինչև գան նորմալ քաղաքակիրթ և իրոք իրավական պետության կերտմանը։ Շատ թերի բաներ կան, բայց ես հուսով եմ, որ կամաց-կամաց գոնե մեր երեխաների երեխաները կապրեն քաղաքակիրթ, իրավական, ազատ, անկախ Արցախում»։
Անդրադառնալով տարածքային փոխզիջման խնդրին, Մարիետա Պետրոսյանն ասել է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և թե՛ Հայաստանի Հանրապետությունն ինքն ընդունում է որպես մի միավոր և իր համար դա մի պետություն է.
-Առանց ԼՂՀ այսօր ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետության խաղաղ, հանգիստ տնտեսական զարգացումը և իհարկե առանց Հայաստանի Հանրապետության և առանց սփյուռքի ես չեմ պատկերացնում, որ կարող է լինել ազատ, անկախ Ղարաբաղ։ Մեր ուժն իրոք միասնականության մեջ է,- նշել է նա և հավելել,- Ես այն կարծիքին եմ, որ մենք հող չունենք տալու, մի թիզ հող չունենք տալու։ Մենք շատ-շատ ենք տվել, շատ-շատ ենք կորցրել։ Ոչ մի ժողովուրդ պատմական հողերն այդքան չի կորցրել իր պատմության ընթացքում, որքան հայ ժողովուրդը։ Մենք զիջելու տեղ չունենք։
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment