Aysor.am.19-5-2010- 2010 թ. մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ԵՀՔ շրջանակներում 2009 թ. Ադրբեջանի առաջընթացի մասին զեկույցները:
ԵՄ-ն բացասական է գնահանատում այդ երկրում 2009 թ. մարտի սահմանադրական փոփոխությունները` ընդգծելով, որ նախագահի անժամկետ պաշտոնավարման դրույթը և գործադիր իշխանության այդտեսակ հզորացումը հակասում է Եվրոպայում գոյություն ունեցող հիմնական պրակտիկային և հետընթաց է Ադրբեջանի համար:
2009 թ. դեկտեմբերին Ադրբեջանում անցկացված /տեղական/ ընտրությունները զեկույցում որակվում են, ընդհանուր առմամբ, որպես խաղաղ և լավ կազմակերպված գործընթաց, սակայն նշվում է իրական քաղաքական քարոզարշավի բացակայությունը, քարոզարշավի համար եթերի անհավասար բաշխումը և բնակչության ցածր ակտիվությունը:
Ըստ զեկույցի` Ադրբեջանի տնտեսությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի քիչ է տուժել, քան այլ երկրներինը: ԵՄ-ն գոհունակությամբ է անդրադառնում Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համագործակցությանը` նշելով Հարավային միջանցքի, ինչպես նաև` Նաբուկո ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը և առաջընթացը: Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու բանակցություններում Ադրբեջանը գրանցել է սահմանափակ առաջընթաց:
Չնայած Ադրբեջանը որոշ առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, այնուամենայնիվ, կոռուպցիան լայնատարած երևույթ է ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, և դրա դեմ պայքարելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զեկույցում մտահգությամբ նշվում են Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումները:
Անդրադառնալով մամուլի և արտահայտման ազատության հարցերին` ԵՄ-ն նշում է, որ 2009 թ. ընթացքում արտահայտվելու ազատությունն ու մամուլի ազատությունը վատթարացել են` ընդգծելով 2009 թ. հունվարին օտարերկրյա ռադիոհաղորդումների եթերի արգելումը` բնակչությանը զրկելով տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից: Առանց լրագրողական շրջանակների և հասարակական կազմակերպությունների հետ նախնական քննարկման` 2009 թ. մարտին ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությունը ԵՄ դիտում է` որպես բացասական մոտեցում: Օրենքի փոփոխությունները պետությանը հնարավորություն են տալիս միջամտելու ԶԼՄ-ների գործունեությանը, որը չի համապատասխանում ԵԱՀԿ մամուլի ազատության չափանիշներին: ԵՄ-ն իր մտահոգությունն է արտահայտում և քննադատում է լրագրողներին վախեցնելու դեպքերը, նրանց նկատմամբ կասկածելի գործերի հարուցումը:
Այս համատեքստում ԵՄ-ն նշում է, որ 2009 թ. մարտին Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցողի նշանակումը և ընդգծում է, որ այս հարցը ԵՄ-ն կշարունակի բարձրացնել Ադրբեջանի իշխանությունների հետ իր շփումներում: Քաղաքացիական հասարակության վիճակի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են ՀԿ-ների գործունեությունը:
Աղբյուրը նշում է, որ հավաքների ազատության սահմանափակումները մտահոգիչ են: Տեղական ինքնակառավարմանը վերաբերող սահմանադրական փոփոխությունները զեկույցում քննադատության են ենթարկվում ԵՄ կողմից` դրանք դիտարկելով որպես տեղական ինքանակառավարման մարմինների անկախ գործունեության խոչընդոտ:
ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման առումով նշվում են 2009 թ ակտիվացած շփումները, այդ թվում` նախագահների միջև կայացած 6 հանդիպումները: Շեշտվում է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են երկուստեք համարձակ քայլեր: Զեկույցը նշում է, սակայն, որ ընդհանուր իրավիճակը մնում է մտահոգիչ:
2009 թ. ընթացքում Ադրբեջանը միացել է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 56-ին:
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment