Saturday, May 22, 2010

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԸ ԲՆԱԿԱՆ Է

Ինչպես է վերաբերում Հայաստանը այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակից, Թուրքիայում այդ երկրի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ մղելու համար, այն պարագայում, որ հայտնի է, որ Թուրքիան հայ-թուրքական գործընթացը միշտ պայմանավորել է Ղարաբաղի հակամարտությամբ: Այդ հարցը լրագրողներն ուղղել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով մայիսի 21-ին Երեւանում ընդունել էր իր արգենտինացի գործընկերոջն ու նրա հետ համատեղ ասուլիս տվել: Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ համանախագահ երկիր, իր նպաստն է բերում կարգավորմանն ու ունի բավական կառուցողական դեր: “Թե դա արտահայտվել է որ պահին եւ որտեղ, դա որեւէ բան չի փոխում այդ կառուցողական դիրքորոշման իմաստով: Եվ բնականաբար, որ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերի հետ միասին, նաեւ գիտեք, որ բավական անձնական ներդրում ունի այդ ջանքերի մեջ նաեւ Ռուսաստանի նախագահը, պարոն Մեդվեդեւը, որի նախաձեռնությամբ նաեւ մի շարք հանդիպումներ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Եվ դա բնական է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է իր ցանկությունը` շարունակել այդ ջանքերը օգնելու կողմերին խնդրի կարգավորման համար”, ասում է Էդվար Նալբանդյանը:

No comments: