Saturday, May 8, 2010

Ռուսաստանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմը հանվում է

Tert.am. 8-5-2010- Անկարայի և Մոսկվայի միջև նախաստորագրվել է համաձայնագիր երկկողմանիորեն այցագրային ռեժիմը վերացնելու մասին: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն` ավելացնելով, որ համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` մայիսի 11-12-ը Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Նոր ռեժիմի մասին համաձայնագիրը երկկողմանիորեն շրջանառության մեջ մտնելուց հետո երկու երկրների քաղաքացիների համար 30-օրյա այցերի դեպքում մուտքի այցագիր չի պահանջվի: Իր հերթին, թուրքական Sabah օրաթերթը գրում է, որ այցագրային ռեժիմի վերացման մասին համաձայնությունը ձեռք է բերվել Դմիտրի Մեդվեդևի` Անկարա կատարելիք այցի մանրամասները քննարկելու նպատակով Թուրքիա ժամանած ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինի հետ բանակցություններում: Թուրքական պարբերականի փոխանցմամբ` Սեչինի հետ Թուրքիա են ժամանել նաև «Տրանսնեֆտ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների ղեկավարները: Անկարայում հանդիպումների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր և առևտրատնտեսական համագործակցությունը: Ռուսական պատվիրակության հետ հանդիպումից հետո Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իրենց նպատակն է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները, առաջիկա հինգ տարիների ընթացքում ներկայիս 33 միլիարդ դոլարի փոխարեն հասցնել 100 միլիարդ դոլարի:

No comments: