Saturday, May 22, 2010

Մեթյու Բրայզան նշանակվեց Բաքվում ԱՄՆ դեսպան. Milliyet

Tert.am. 22-5-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան: Այս մասին գրում է թուրքական Milliyet օրաթերթը` նշելով, որ Բաքվում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր մնում: Թուրքական պարբերականը գրում է, որ չնայած Մեթյու Բրայզան ԱՄՆ պետքարտուղարության «ամենափայլուն դեմքերից էր», Բարաք Օբամայի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բրայզայի «փայլն ուղղակի խամրել էր և ամերիկացի դիվանագետը հայտնվել էր հետին պլանում»: Պարբերականն ընդգծում է նաև, որ Բրայզան ակտիվ դերակատարություն է ունեցել Անկարայի և Երևանի միջև մեկնարկած գաղտնի բանակցություններում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հիշեցնենք նաև, որ Մեթյու Բրայզան Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի տնօրեն, թրքուհի Զեյնո Բարանի ամուսինն է: Միևնույն ժամանակ, Milliyet-ը որևէ աղբյուր չի վկայաբերում` իր տարածած տեղեկության հավաստիությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ ապրիլի վերջին թուրքական Hurriyet օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան շուտով նշանակվելու է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան: Բաքվում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դևիդսոնը, արձագանքելով Hurriyet-ի տարածած տեղեկությանը, հայտարարել էր. «Ներկա պահին մենք սպասում ենք Սպիտակ տան կողմից դեսպանի նշանակմանը: Առայժմ այդ պաշտոնի համար որևէ թեկնածություն առաջադրված չէ»:

No comments: