Tuesday, June 15, 2010

ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԻ ՀՄԱՅՔԸ-2

«Լրագիր» 15-6-2010- ՀՀՇ վարչության նիստում վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը դրել են հրաժարականի խնդիր: Ըստ տեղեկատվության, դա պայմանավորված է առաջիկա ընտրությանը մասնակցելու ձեւաչափի, ինչպես նաեւ Հայ Ազգային կոնգրեսի, որի առանցքային կուսակցություններից մեկն է ՀՀՇ-ն, ներսում եղած տարաձայնություններով: Ներքին խմորումներ են տեղի ունենում նաեւ ՀՅԴ ներսում: Մամուլը գրում է այս կուսակցության մեջ քոչարյանական եւ սերժսարգսյանական թեւերի առկայության եւ դրանց միջեւ պայքարի մասին: Իշխող Հանրապետական կուսակցությունը նույնպես զերծ չէ այս խմորումներից. Այս կոնգլոմերատի ներսում կան մի քանի խմբավորումներ, որոնց միջեւ նույնպես ընթանում է խուլ պայքար: Բացի այդ, ցնցումներից զերծ չմնաց Ժառանգություն կուսակցությունը, որը պատրաստվում է հուլիսին համագումար հրավիրել եւ հստակեցնել հետագա մարտավարությունը: Կուսակցության ներկայացուցիչները հերքեցին այն տեղեկատվությունը, թե կուսակցությունն այդ համագումարում կարող է գլխավորել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հավանական է, որ ներքին քաղաքական դաշտում այս զարգացումները հանգեցնեն ուժերի վերախմբավորումների եւ անսպասելի դաշինքների: Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ուժերը երբեւէ աչքի չեն ընկել ներքին ու արտաքին զարգացումներին համարժեքությամբ: Ներկայում էլ, այդ ուժերի ներկայացուցիչները չեն կարողանում հստակ բացատրել հանրությանը, թե ինչով է պայմանավորված իրենց այս կամ այն քայլը: Օրինակ, ՀՅԴ եւ Կոնգրեսն այդպես էլ մարդկանց չբացատրեցին, թե ինչու չեն կարող համագործակցել ասենք որեւէ խնդրի շուրջ, երբ այդ նույն խնդրի վերաբերյալ ունեն նույն տեսակետը: Կամ, ընդդիմության դաշտում գործող ուժերն այդպես էլ չհստակեցրին, թե ինչու են մերժել Ժառանգություն կուսակցության տարբեր նախաձեռնություններ, մանավանդ որ բարձրացված հարցերի շուրջ կարծես թե ունեին միատեսակ դիրքորոշումներ: Բացի միմյանց չսիրելու եւ նույնիսկ ատելու գործոնից, այլ, քաղաքական մակարդակի վրա այդպես էլ բացատրություն չտրվեց: Այս պայմաններում, ներքաղաքական կյանքում վերադասավորումները ձեռք են բերում յուրօրինակ իմաստ: Դատելով մինչ այժմ ներքաղաքական բանավեճի բնույթից, այս վերադասավորումները կարող են առնչվել, Ժառանգություն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի բառերով, երեք նախագահների եռանկյունուն: Բանն այն է, որ վերջին երկու տարիների ներքին զարգացումները քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների միջավայրում հանգեցվել են Ռոբերտ Քոչարյանի վերադառնալ-չվերադառնալու խնդրին: Յուրաքանչյուր իրադարձություն քննարկվում է այս կոնտեքստում: Իշխանությունը ոչ այնքան հրապարակավ իր ձախողումները բացատրում է Քոչարյանի թողած ծանր ժառանգությամբ ու նրա ստեղծած համակարգի դիմադրությամբ, Հայ ազգային կոնգրեսը նույնպես իր պասիվությունը բացատրում է նրանով, որ հակառակ պարագայում կարող է Քոչարյանը վերադառնալ: Իշխանության եւ Կոնգրեսի ճամբարներում չգտնվող ուժերի ցանկացած գործողության տրվում է Քոչարյանին վերադարձնելու երանգ: Հետաքրքիր է, որ այս սխեման կարծես թե որդեգրել են նաեւ միջազգային շահագրգիռ կողմերը, որոնք Հայաստանի հետ ունեն որոշակի ծրագրեր: Այն ոչ միայն ազդում է հասարակական տրամադրությունների վրա, այլեւ թույլ է տալիս Հայաստանում պահել “կառավարելի քաոսի” իրավիճակը: Դրա շնորհիվ Հայաստանում չի ձեւավորվում իշխանությունը կամ որեւէ համակարգ նախկին ձեւերով, ինչն արդեն իսկ դրական է: Փոխարենը, դա հնարավորություն է տալիս հաջողությամբ իրականացնել այդ ծրագրերը, Հայաստանում ձեւավորել որակապես նոր իրավիճակ: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: