Tuesday, June 15, 2010

Ջավախքում հայերենը զիջում է իր դիրքերը

Aysor.am. 15-6-2010- Հայերենի պահպանման խնդիրը առկա է ոչ միայն հեռավոր Սփյուռքում, այլև Հայաստանին ամենամոտ գտնվող Ջավախքում: Ըստ Ջավախքի բնակիչների` հայերենը ժամանակի ընթացքում զիջում է իր դիրքերը, չնայած այն հանգամանքին, որ հայկական հին բնակավայր Ջավախքում գլխավորապես հայերեն են ապրում և խոսակցական լեզուն էլ` հայերենն է: «Վերջին տարիների ընթացքում վրացերենն է դառնում առաջնային»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց Ջավախքի Սաթխա գյուղի բնակչուհի Ռուզաննա Ստեփանյանը: Ռ. Ստեփանյանը, սակայն, խնդիրը դպրոցների մեջ չի տեսնում, այլ կարծում է, որ «սովորողը, եթե խելացի է, կարող է և’ լավ հայերեն սովորել, և’ վրացերեն, և’ ուրիշ լեզուներ էլ»: Հիշեցնենք նաև, որ Վրաստանում` ցանկացած վայրում, ցանկացած տիպի աշխատանք կատարելու համար վրացերենի իմացություն է պահանջվում, մինչդեռ Ջավախքում մինչ օրս վրացերենի դասավանդումը խիստ ցածր մակարդակի վրա է դրված: Այս մասին բարձրաձայնում են ոչ միայն Ջավախքի բնակիչները, այլև հասարակական ու քաղաքական գործիչները: «Մանկապարտեզներում լեզուներ են սովորեցնում` հայերեն, ռուսերեն, վրացերեն»,- հայտնեց Ռ. Ստեփանյանն ու ընդգծեց. «Հայերենի համար հատկացված դասաժամերն ավելի շատ են, քանի որ կարևորը հայերենը լավ տիրապետեն, չէ՞ որ իրենք հայ են»: Հենց այս առիթով էլ 2 երեխաների մայրը նշեց, որ գյուղում երեխաները գրական լեզվի պակաս ունեն, և ինքն ամեն գնով ցանկանում է այդ բացը լրացնել: Իր խոսքում նա ընդգծեց, որ առաջին հերթին կարևոր է հայերենի իմացությունը` անկախ ամեն ինչից: 44-ամյա Սպիրիդոնը, սակայն, նշեց, որ գյուղում կրթության մակարդակն էլ շատ ցածր է: Ըստ նրա` երիտասարդներն այստեղ ուսման մեջ էլ ապագա չեն տեսնում: «Ոչինչ չունենք` ո’չ կրթություն, ո’չ մի հետաքրքրություն, ո’չ մի ապագա չենք կարող գտնել, դրա համար էլ երիտասարդները միայն գյուղից փախնելու մասին են մտածում»,- ընդգծեց պարոն Սպիրիդոնը: Հայերենի խնդիրներին Aysor-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը, ով նշեց, որ Ջավախքում հայերենի իմացության մակարդակը պահելու համար պարբերաբար գրականություն է ներմուծում Հայաստանից: Մինչդեռ այս հարցում, ևս, վերջին ժամանակներում խնդիրներ են առաջացել, և ոչ բոլոր դեպքերում ու ոչ բոլորին է հաջողվում հայերենով գրականություն կամ նույնիսկ մամուլ հասցնել Ջավախք: «Դասագրքերի առումով բավականին մեծ խնդիր կա. Հայաստան-Վրաստան սահմանի բոլոր անցակետերում Վրաստանի իշխանությունները հանձնարարել են ոչ մի գիր ու գրականություն թույլ չտալ, որ ներմուծվի Ջավախք»,- մեզ հետ զրույցում հայտնեց Գիտությունների ազգային ինստիտուտի աշխատակից, գրականագետ Նվեր Վիրաբյանը, ով նշեց նաև, որ չնայած խնդրի վերաբերյալ քննարկում և պայմանավորվածություն է ձեռբերվել երկու պետությունների կրթության և գիտության նախարարների կողմից, սակայն արդյունք մինչև հիմա չի գրանցվել: Ն. Վիրաբյանը փաստեց, որ շատերն իրենից էլ են դասագրքեր խնդրում` Ջավախք տանելու համար և մասնավոր հիմունքներով են դասագրքերը տեղափոխվում` մեկն իր ճամպրուկում թաքցրած, մեկն այլ միջոցով: «Նրանք այս առումով ադրբեջանիցիներից ավելի այլանդակ են և թույլ չեն տալիս որևէ հայատառ դասագիրք մեծ քանակությամբ` առավել ևս հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, ներմուծվի Ջավախք»,- ընդգծեց գրականագետն ու հավելեց, որ Ջավախքում հայոց պատմությունը, հայոց լեզուն և մնացած առարկաները դասավանդվում են նախորդ սերնդի համար Հայաստանում տպագրված դասագրքերով, քանի որ նոր հրատարակությունները չի հաջողվել ուղարկել: Ինչ վերաբերում է Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի մյուս շրջանների հայկական դպրոցներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը, Ն. Վիրաբյանի խոսքերով` այս հարցն այսպես, թե այնպես լուծվում է: «Մի ժամանակ այն իրականացվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ, հիմա` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործում է Սփյուռքի կենտրոն, որտեղ իրականացվում է նաև մեր ներքին Սփյուռքի` Ջավախքի հայկական դպրոցների ուսուցիչների ամենամյա վերապատրաստումը»,- մանրամասնեց գրականագետը: Ն. Վիրաբյանի համոզմամբ, սակայն, խնդիրը պետք է լուծվի միջկառավարական մակարդակով, այլապես` «Խոստումներ են հնչում, սակայն սայլը տեղից չի շարժվում»:

No comments: